ՌԴ-ն մարդասիրական բեռի նոր խմբաքանակ է ուղարկում Արցախ

Ռուսաստանի ԱԻՆ-ը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Շարասյունը շարժվել է փետրվարի 23-ին՝ Երևանի մերձակայքում գտնվող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից:

Ինչպես մեկնումից առաջ լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԻՆ աշխատակից Եվգենի Գորելովը, արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը, տեղական իշխանությունների հայտին համապատասխան, կազմել է շինանյութերի առաջնահերթ ցանկը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում բնակելի շենքերի և կարևոր սոցիալական օբյեկտների վերականգնման համար:

«Բեռը կազմված է ավելի քան 50 տոննա տանիքածածկի նյութերից և փայտանյութից։ Հումանիտար շարասյունը բաղկացած է 8 միավոր տեխնիկայից՝ վեց բեռնատար և երկու ուղեկցող մեքենա: Խմբաքանակը Ստեփանակերտ կժամանի փետրվարի 24-ին», - ասել է Գորելովը։

Նրա խոսքով՝ բեռը նախատեսված է անմիջապես զինված հակամարտության ընթացքում տուժած քաղաքացիների համար։ ԱԻՆ սպան տեղեկացրել է նաև, որ մարտական գործողությունների դադարեցման պահից Ղարաբաղ է տեղափոխվել ավելի քան 200 տոննա մարդասիրական բեռ: Ընդ որում, առաքման երթուղին անցել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով, տեղեկացնում է Sputnik Armenia։