Ռուսաստանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը․ Բացարձակ սուտ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը:

Նրա խոսքով՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»: Այսպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ անցած աշնանը Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը հայկական բանակը կարող էր օգտագործել «Իսկանդերը»:

Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում:

«Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա դա կկապի և «Իսկանդերներին», և մեղավորը հայ ժողովուրդն է, և զինվորականներն են մեղավոր: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» շատ բարձր ճշգրտության զենքեր են, դրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքներում: Դա պարզապես բացարձակ սուտ է [Փաշինյանի խոսքերը] և նույնիսկ կասկածի ենթակա չէ: Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք օգտագործվել են շատ ճշգրիտ և բազմիցս: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ Փաշինյանի այս կարծիքի հետ»,-հայտարարել է Զավարզինը:

Պատերազմը Ղարաբաղում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության ընդունմամբ: Փաստաթղթի համաձայն՝ Երևանը Բաքվին է հանձնել մի քանի տարածք, տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները, տեղեկացնում է Aysor.am: