Վազգեն Մանուկյան․ Այս իշխանության ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի

Այս իշխանության ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի, որովհետև այդ գայթակղությունը, որ դեմները մի պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի և փալասի պես ղեկավարությունը կատարում է ուրիշների կամքը, դա միշտ գայթակղություն է առաջացնում պատերազմի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինչո՞ւ 1994 թվականից հետո մինչև 2016 թվականը պատերազմ չտեսանք մենք, որովհետև մենք հաղթեցինք պատերազմում, դիմացինը համոզված էր, որ մենք ուժեղ ենք, ինքը պատրաստվում էր, 2016 թվականին փորձեց էլի, տեսավ՝ չի ստացվում, այսինքն՝ միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը։ Նիկոլի՝ մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքը վստահություն էր հայտնել, որ չեն համարձակվի կրակել ժողովրդի վրա, որտեղի՞ց այդ վստահությունը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ժողովուրդը կանցնի կտրուկ քայլերի այն դեպքում միայն, երբ իսկապես համազգային շարժում լինի և դիմացինը դրդի դրան։ Գիտեք, ապստամբությունը ժողովուրդը չի ստեղծում, ապստամբությանը դրդում է իշխանությունը։ Մենք հիմա զբաղված ենք համազգային շարժումը ձևավորելով։

Շարժումն ինքը՝ մասնակիցները տասնյակ հազարավոր են, բայց տներում նստած մարդիկ, որոնք իրենց մասնակից են զգում՝ հարյուր հազարավոր են։ Մենք ուզում ենք այս երկու թիվն էլ մեծացնել։ Այդ համազգային շարժումը երբ բոցկլտա Հայաստանում… սրանք վախկոտ մարդիկ են, բոլորին ճանաչում եմ։ Նրանցից ոչ մեկը պատերազմում չի եղել, ոչ մի վտանգ չի տեսել, էդ վախկոտ մարդիկ շատ վտանգավոր են, որովհետև իրենք խուճապից ելնելով կարող են անցնել այնպիսի գործողությունների, որ դրդեն ժողովրդին ապստամբելու։ Իսկ այդ ժամանակ երբ ժողովուրդն ապստամբեց, իրենք չեն համարձակվի կրակել։ Դա ոչ միայն մեր երկրի օրինակն է, այլ կարող եմ շատ երկրների օրինակներ բերել»:

Ինչ վերաբերում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ժողովրդին պաշտպանելու դեպքում հնարավոր է գնալ նման քայլերի, Մանուկյանն ասաց. «Պիտի ասեր՝ ժողովրդից պաշտպանվելու դեպքում, որովհետև այն, ինչն անելու է, ժողովուրդն է անելու իրենց գլխին։ Իրենք ժողովրդի անունից թող չխոսեն, իրենք ժողովրդի հետ կապ չունեն։ Ես երբ այս տղերքին լսում եմ, իմ տպավորությունն է, որ իրենք բակում չեն խաղացել, դպրոցում չեն եղել, իրենք լրիվ ուրիշ սորտի մարդիկ են, որոնք կյանքում ոչ մի բան չեն արել։ Ամբողջ օրը մաֆիա էին խաղում, բլոտ էին խաղում, սրճարաններում նստած էին, մի մասն էլ նարկոտիկ էր օգտագործում։ Այդ մարդկանց մենք բերեցինք իշխանության։

Նայեք ամեն օր ինչ է կատարվում։ Զորամասից զինվորները փախչում են, «Իսկանդերը», ինքնաթիռը, որն Իրանում նստած է. այսինքն՝ ամեն օր կատարվում է մինիմում երեք դեպք, որից յուրաքանչյուրի համար ցանկացած երկրի իշխանությունն ամեն օր հրաժակական կտար»:

Նա հավելեց, որ ուզում են մի քիչ էլ եղանակները բացվեն, որ Ազատության հրապարակն իրոք շտաբ դառնա ոչ թե ձևական, այլ որ մարդիկ ժամը 17։00-ի կողմերը աշխատանքից ազատվելիս գան այստեղ, իրար հետ զբոսնեն, իմանան, որ կհանդիպեն նաև քաղաքական գործիչների, կտան հարցեր, դառնա ակումբի նման մի բան, որտեղ մարդիկ կիսվում են իրար հետ. «Վիճակն այնքան սարսափելի է և այնպիսի սարսափներ են սպասվում Հայաստանին, որ մարդիկ ակամայից ուզում են կիսվել իրենց մտերիմների հետ», տեղեկացնում է News.am: