Ակցիա Արցախում՝ ի աջակցություն Հայկական բանակի և Հայրենիքի փրկության շարժման

Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան պուրակում երեկ՝ փետրվարի 26-ին, ինքնաբուխ ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Հայկական բանակի և Հայրենիքի փրկության շարժման։

«Բանակի արժանապատիվ սպաներին բացահայտ նվաստացնում են, ինչը բոլորիս ինքնասիրության, արժանապատվության ու ամենակարևորը՝ անվտանգության հարցն է։ Մեր հավաքով նպատակ ունեինք Հայրենիքի փրկության շարժմանը մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել, քանի որ ֆիզիկապես ներկա գտնվել չենք կարող։ Եվ պահանջում էինք նաև դավաճան, ազզադավ, հակապետական, հայրենիքը կործանած ու այն թուրքին նվիրած, հազարավոր տղաների գլուխ կերած, հազարավորներին էլ հաշմանդամ դարձրած, գերիներին անտերության մատնած իշխանությունների հրաժարականը»,- News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական, հասարակական գործիչ Բելլա Լալայանը։

Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Գլխավոր շտաբի՝ իր և կառավարության հրաժարականի պահանջը ռազմական հեղաշրջման փորձ է, ԲԼալայանն ասաց, որ Արցախը թշնամուն նվիրած մարդը իրավունք չունի նման որևէ հայտարարություն անելու։

«Ինչպես կարող է դավադիրը ռազմական հեղաշրջումից խոսել։ Չգիտեմ՝ նա հայրենիքը գիտի՞ ինչ է, այդ գոյացությունը, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան, ընդհանրապես համարո՞ւմ է, որ ոչ թե Արցախը, այլ գոնե Հայաստանն իր հայրենիքն է, ես կասկածում եմ։ Արցախը թշնամուն նվիրած մարդը իրավունք չունի որևէ հայտարարություն անելու, նա վաղուց պետք է հրաժարական տար և գնար իրենց տուն, որպեսզի գոնե այն փշուրները, որոնք մնացել են, մենք կարողանանք թշնամու հետ հավասարը հավասարի հետ խոսել և հարց պարզել, ոչ թե մինչև հիմա նվաստացածի կարգավիճակ ունենալ։ Սա, երևի, պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պարտվող հրամանատար կոչեցյալը, որն իրեն գերագույն հրամանատար էր կոչել, իսկ հետո ասում էր՝ «ես մարտ եմ ղեկավարե՞լ», բա գերագույն հրամանատար էիր քեզ հայտարարել, ինչի՞ համար, որ ընդդիմադիրներին փռես ասֆալտի՞ն, հիստերիկ ճառեր ասե՞ս ամբիոնից, թե՞ դու մտածել ես, որ բանակ ղեկավարելը հեշտ է։ Պատմության մեջ, եթե պարտված ղեկավարին կախաղան չեն հանել, գոնե հրաժարական է տվել, հիմա սա շարունակում է ղեկավարել, իսկ մենք շարունակում ենք վտանգի տակ մնալ, որովհետև թշնամին չի կարող մեզ լուրջ ընդունել, եթե մեր երկրի ղեկին է մի մարդ, որը, կամակատարի նման, թշնամին ինչ պահանջում է՝ անում է։ Այստեղ ոչ միայն մեր պետականության, այլև մեր ինքնության հարցն է դրված»,- ընդգծեց Բելլա Լալայանը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պատրաստակամությանը՝ իր միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում, Լալայանն ասաց, որ եթե Հարությունյանը մտածում է հայրենիքի մասին, ապա պետք է այս պահին կանգնած լինի իր ժողովրդի և Հայրենիքի փրկության շարժման կողքին։

«Չէ՞ որ Արցախի նախագահի մասնակցությամբ տարածված ձայնագրության մեջ Արայիկ Հարությունյանն ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն օգնություն չի ուղարկում։ Այսինքն՝ ինքը խոստովանում է, որ Փաշինյանը դավաճան է և չի օգնել Արցախին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Այդքանից հետո ինքն ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի համար հաշտեցման եզրեր փնտրում, հիմա, եթե նա մտածում է Արցախի մասին, պետք է կանգնած լինի Հայրենիքի փրկության շարժման կողքին»,- ասաց նա։

Իսկ թե ինչո՞ւ չեն իրենք պահանջոււմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Բելլա Լալայանն ասաց, որ անիմաստ է

«Որովեհտև Արցախի հարցերը միշտ լուծվել են Հայաստանում, մեր բախտը բերել է, որ մինչև հիմա Հայաստանի ղեկին նստած են եղել մարդիկ, որոնք անցել են Արցախյան պատերազմով և գիտեին՝ ինչ է հայրենիքը, ինչի գնով են այն ձեռք բերել, իհարկե, անկախ այլ թերացումներից, իրենք այդ հարցում ժողովրդի կողքին են եղել և ազգային գաղափար են կրել։ Եթե մենք պահանջենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դրանով ոչ մի բան չի փոխվելու, մինչև Հայաստանի ղեկին չհայտնվի ազգային գաղափարով, հայկական պետականությունը իր գեների մեջ կրող մեկը, այդտեղից էլ սկիզբ կառնի Հայրենիքի փրկության շարժումն այստեղ»։