Երևանում ստորագրահավաք է կազմակերպվել` ի աջակցություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի
Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք էր կազմակերպվել` ի աջակցություն ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով կալանքի տակ է։
Իրավաբաններն ու քաղաքացիները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Սաղաթելյանին, հայտարարել են, որ նրա նկատմամբ հետապնդումը կրում է քաղաքական բնույթ, նրա կալանքի համար որևէ իրավական հիմք չկա։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այդ ստորագրությունները կարող են դեր խաղալ Վերաքննիչ դատարանում գործը քննելիս։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչության դեմ պայքարող մարդիկ դարձել են «սպառնալիք» գործող իշխանությունների համար։ Հենց դրանով է նա բացատրում Սաղաթելյանի դեմ իրականացվող արշավը։
«Իշխանությունների թիրախ են դարձել այն մարդիկ, ովքեր պայքարել են ադրբեջանա–թուրքական ագրեսիայի դեմ` հանուն մեր պետականության», – ասաց Մինասյանը։
Նախօրեին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը ևս հայտարարեցին, որ Սաղաթելյանի կալանքը կրում է քաղաքական բնույթ։