ՀԱՄԱՏԱՐԱԾ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ է արել քաղաքացիներին գալ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին, հաղորդում է Sputnik Արմենիան: Իր ֆեյսբուքյան էջում գերատեսչության ղեկավարը թվարկում է պատճառները, որոնք, իր կարծիքով, պետք է մարդկանց դրդեն աջակցել իշխանությանը: Առաջին հերթին դա ժողովրդի կողմից օրինական ընտրված ղեկավարությունն է ։

«Մեր կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է։ Այն (կառավարությունը) անկաշառ է. որևէ մեկը չի թալանել բիզնեսմենին, քաղաքացուն, չի ստորացրել գյուղացուն, տարեցին, կանանց ու երեխաներին։ Այն ԿՓՈԽՎԻ՜ ժողովրդի ընտրությամբ, ու որևէ մեկը չի եղծի մարդկանց քվեն, որևէ մեկը արյուն չի թափի փողոցներում», - գրել է նախարարը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այն, որ մահամերձ տնտեսության նախարարը զբաղված է ոչ թե դրա (տնտեսության) շտապ փրկության հարցերով, այլ կապիտուլյանտի իշխանության կողմնակիցների հանրահավաքային մոբիլիզացիայով, արդեն ինքնին հրեշավոր անհամարժեքության ցուցանիշ է։ Նկատենք, որ գործնականում բոլոր հիմնական տնտեսական բնութագրիչներով տարեսկզբին էական անկում է գրանցվել։ Տնտեսական ակտիվության ցուցանիշ, առևտրի շրջանառություն, ծառայությունների ծավալ, արտահանում, ներկրում

Այս բոլոր հոդվածներով, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին լուրջ անկում է գրանցվել նախորդ տարվա հունվարի համեմատ: Եվ գործնականում մահամերձ տնտեսության այս խորապատկերին դրա վիճակի համար գլխավոր պատասխանատու պաշտոնյան գլխովին խորացել է հասարակական-քաղաքական կյանքի մեջ ու փորձում համախոհներ հավաքագրել։ Սակայն ուշադրություն է գրավում այնուամենայնիվ մեկ այլ բան. այն շռայլ հաճոյախոսությունները, որ շնորհում է կառավարությանը դրա ներկայացուցիչներից մեկը։ Քերոբյանն ակնհայտորեն ստում է և՛ կոռուպցիայի մասին, որն ուղղակի օրինականացրեց այս կառավարությունը պարգևավճարների միջոցով, և՛ այն մասին, թե այս կառավարությունը չի թալանում գործարարներին ու քաղաքացիներին (ըստ երևույթին, Քերոբյանը մոռացել է, թե ինչպես են աճել հարկերն ու գները)։ Եվ, իհարկե, պարզապես խանդաղատանք է առաջացնում նրա (Քերոբյանի) այն վարկածը, թե այս կառավարությունը շատ սխալներ է անում։ Դե ինչ, եկեք դիտարկենք որոշ «սխալներ»։ Անշուշտ, վերջին մի քանի օրերին էլ դրանք առավել քան շատ են եղել։

Իսկ սկսենք այն ոլորտից, որն ի պաշտոնե պետք է մյուսներից ավելի հոգեհարազատ լինի նախարարին։ Ահա ուրեմն, նրա պետը, այսինքն՝ վարչապետի աթոռին դեռևս նստած անձը, վերջերս ինքնամոռաց պնդում էր, թե երկրի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման նշաններ է ցուցաբերում, իբր՝ նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է տրված ՀԴՄ կտրոնների քանակը, ինչը վկայում է տնտեսական կյանքի ակտիվացման մասին։ Իրականում, պարզվում է, այն ոլորտներում, որտեղ հիմնականում կիրառվում են ՀԴՄ կտրոնները (առևտուր և ծառայություններ), արձանագրվել է շրջանառության անկում։ Առևտուրը նվազել է (նախորդ տարվա համեմատ) 15%-ով, ծառայությունների շրջանառությունը նվազել է 10%-ով։ Բայց... Քերոբյանի պետը պնդում է, թե ապրանքաշրջանառությունն աճել է 12%-ով։ Ինքը՝ նախարարը, հավանաբար, կդասի այդ անհեթեթությունը նույն այդ սխալների շարքին։ Սակայն մենք կանվանենք իրերն իրենց անուններով։ Իրականում Քերոբյանի շեֆը պարզապես լկտիաբար ստում է՝ ներկայացնելով ապրանքաշրջանառության 15% անկումն իբրև 12% աճ ու վերականգնման նշան։

Թեպետ, սա վերջին օրերի թերևս ամենաանմեղ սուտն է, որ հրամցրել է Քերոբյանի ղեկավարը։ Ընդ որում, եթե տվյալ դեպքում սուտը նախատեսված էր տեղական սպառողի համար, ապա այլ դեպքերում սուտը միջազգային մասշտաբ է ստացել։ Պարզապես թվարկենք դրանցից առավել աղմկահարույցները։ «Իսկանդերը» կրակել է, բայց հրթիռը չի պայթել կամ պայթել է 10%-ով։ Այդ զառանցանքը անմիջապես հերքվեց ՌԴ պաշտպանության նախարարության կողմից։ Հիշեցնեմ, որ ՌԴ ՊՆ հայտարարության մեջ ասվում էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել, հրթիռների ողջ զինապաշարը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում։

Համաշխարհային մասշտաբի հաջորդ ռեզոնանսային սուտը, որ բարբաջեց ՀՀ կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը, այն հայտարարությունն էր, թե Գլխավոր շտաբի պետը և տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել։ Բնականաբար, այդ ստին, բացառությամբ թավշի թուրք յուզգյարների, ոչ ոք չհավատաց։ Եվ նույնիսկ հերքեցին։ Այսպես, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ Վաշինգտոնը հեղաշրջման նշաններ չի տեսնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Վերջապես, ինչպես Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, այնպես էլ նրա ենթակաների ստախոսության պաթոլոգիական հակման համատեքստում արժե հիշել վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին: Եվ դա էլ, ինչպես հետագայում պարզվեց Կրեմլի մամլո ծառայության հայտարարությունից, փչոց էր։ Պուտինը չի խոսել աջակցության մասին։

Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս նման բաներն անվանել «սխալներ», թող անվանի։ Դրանից սուտը ճշմարտություն չի դառնում։ Այն դառնում է երկրի հերթական խայտառակությունը, որը ներկայացնող անձինք մշտապես ստում են։

Ընդունված է համարել (Մարկ Տվենի շնորհիվ), որ կա ստի երեք տեսակ. սուտ, մեծ սուտ և վիճակագրություն: Անկեղծ ասենք. դա մոլորություն է։ Իրականում կա սուտ, մեծ սուտ, վիճակագրություն և հրեշավոր սուտ՝ ի դեմս Հայաստանի ներկայիս կառավարության։ Եվ այդ ստի գոյության յուրաքանչյուր օրը մոտեցնում է հայկական պետության կործանումը։ Նա պարզապես չի կարող գոյատևել աննախադեպ կեղծիքի և խաբեության մթնոլորտում։ Նա չի կարող լուրջ ընկալվել դաշնակիցների, գործընկերների և թշնամիների կողմից։

Основная тема:
Теги: