Մարտակերտի զորամասերից մեկի մոտ զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել

Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության` օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:

Որոնումները կշարունակվեն վաղը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ուղղությունների մասին կհայտնի առավոտյան:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia: