Մանուկյան․ Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու` վարչապետի փաստաթուղթը չուղարկեց Սահմանադրական դատարան։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ նախագահը պետք է եռօրյա ժամկետում ՍԴ դիմեր` Գասպարյանի աշխատանքից ազատման փաստաթուղթը վիճարկելով։ Երեք օրն այսօր լրացավ։

«Իրավաբանները գտան մի միջոց, ըստ որի` մինչև մարտի 8-ը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անել չեն կարող։ Արանքում նախագահը նորից պետք է միջամտի ՍԴ։ Այդ խոստումն ու իրադրությունն է բացատրվել մեր` նախագահական այցելած պատվիրակությանը։ Այսինքն` այն, ինչ ուզում էինք, չստացանք, ստացանք կիսատ–պռատ»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ մի քայլ ևս արեցին, սակայն դեռ պայքարելու ժամանակ կա։

Մանուկյանն ասաց նաև, որ Փաշինյանը նախորդ հանրահավաքին կարողացավ հավաքել 15 000 մարդ, ինչը ցույց է տալիս, որ առաջին հենարանի հարցը լուծել են` ժողովուրդն իր հետ չէ։ Երկրորդ հենարանն ուժային կառույցներն են, իսկ բանակը դրա հիմնասյունն է։

«Բանակը կանգնեց ժողովրդի կողքին, իսկ մյուս ուժային կառույցները չեն կարող թպրտալ ռազմական դրության ժամանակ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը հավելեց, որ հաջորդ երկու օրերին մարզեր կայցելեն, տեղեկացնում է Sputnik Armenia։