Թովմասյան․ Սոթքի հանքավայրի 300 աշխատակից կրճատման փաստի առաջ է

«Պատերազմից հետո Սոթքի հանքավայրի աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը»,- խորհրդարանում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով, այսօր մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջ եկել, որոնցից մոտ 100-ն արդեն կրճատվել են, մնացածի կրճատումն էլ ընթացքի մեջ է։

«Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիքներ մնալու են առանց աշխատանքի, իսկ սոցիալական այս ծայրահեղ պայմաններում սահմանամերձ շրջանում սա իսկապես լուրջ խնդիր է։ Այդ մարդիկ ցանկանում են ծայրահեղ միջոցների դիմել»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր իր հետ բազմաթիվ վարդենիսցիներ են կապ հաստատել, և ասել են, որ մտադրություն ունեն փակելու երկաթգիծն ու այդ եղանակով իրենց բողոքը հայտնելու։

«Այդ երկաթգծով է տեղափոխվում հանքանյութը դեպի Արարատ։ Քաղաքացիներն այլ ակցիաներ էլ են ուզում իրականացնել։ Որպեսզի բանը դրան չհասնի, գուցե իմ հայտարարությունն օգնի, որ Կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի և աջակցություն ցուցաբերի։ Կարծում եմ, որ սա հրատապ հարց է, և պետք է մարդկանց այլընտրանք առաջարկվի»,- կարծիք հայտնեց Թագուհի Թովմասյանը, տեղեկացնում է Panorama.am։