«Հրապարակ». ԿՈՐՍՎԱԾ 3 ՏԱՐԻ․ ՆՈՒՅՆ ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՅՔԱՅԵԼ ԵՎ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՄՆԱՑԱԾ ԱՄԵՆ ԻՆՉ

«Ինչ ջանասիրությամբ որ 3 տարվա ընթացքում քայքայվեցին ու կազմաքանդվեցին երկրի բոլոր պետական ինստիտուտները, նույն ջանասիրությամբ իշխանությունը շարունակում է հետևողականորեն քայքայել և կազմաքանդել մնացած ամեն ինչ՝ մարդկային փոխհարաբերություններ, հայ մարդու արժեհամակարգ, գաղափարախոսություն, ներկուսակցական համերաշխություն, հայրենիքի հանդեպ սեր, մտքի ու գիտելիքի նկատմամբ ակնածանք, հաջողությունների հասած մարդկանց հանդեպ հարգանք։

Մարդիկ ոչ միայն ատում են միմյանց, այլև մերժում են աշխատանքն ու արժեքները, անտարբեր են միմյանց և սեփական պետության նկատմամբ, ծույլ են, հոգնած ու հիասթափված ամեն ինչից։ Նաև դա է պատճառը, որ ոչինչ այլևս չի հուզում ու վրդովում նրանց։

Հայրենիքի մի հսկա հատված տվել ենք թուրքի՞ն, դե, ոչինչ՝ մեր երեխաներն էլ Արցախում չեն ծառայի։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են մեր տարածքով միջա՞նցք ունենալ, ոչինչ՝ մենք էլ առևտուր կանենք, կօգտվենք դրանից։ Ռուս խաղաղապահները, որոնց այդքան դեմ էինք, և նաև դա էր պատճառը, որ Արցախի հարցում չէինք գնում զիջումների, այսօր տնօրինո՞ւմ են մեր սահմանները, ոչինչ՝ մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, որ մեզ ավելի ապահով զգանք։ Միաժամանակ անտարբեր ենք՝ իշխանությունը ռազմական դրությունը կպահի՞, թե՞ կհանի, Ընտրական նոր օրենսգիրք կընդունի՞, թե՞ հնով կգնա ընտրությունների, առհասարակ՝ արտահերթ ընտրություններ կանի՞, թե՞ ոչ։

Զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի չափը կրկնապատկեցին, Դատական օրենսգրքի հերն անիծեցին, բուհերի մասին այնպիսի օրենք ընդունեցին, որ իրենց ուզած մարդուն բուհի ռեկտոր կարող են դարձնել։ Թվարկումը կարելի է շարունակել։ Եվ այս ամենին գումարած՝ ամենօրյա սուտը, կեղծիքը, անօրինական հետապնդումները, չկատարված խոստումները»,-գրում է թերթը:

Tert.am