Կարմիր խաչն արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին գումար է տվել

Հայկական Կարմիր խաչ ընկերությունը Հայաստան տեղափոխված արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին շուրջ 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացրել (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հայկական Կարմիր խաչ ընկերությունից։

«Մեր ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին, մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)»,–նշեցին ընկերությունից։

Առաջնահերթությունը տրվել է ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին, որովհետև սահմանապահ են։

Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։