Արշակ Կարապետյանին ԳՇ-ում նշանակման հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։ Տեղեկանում են Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:

Պատասխանող կողմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտնել էր, որ Արշակ Կարապետյանն օրենքի ուժով նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին։ Նրան 2016 թվականի Ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո հեռացրել էին ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից, քանի որ հետախուզությունը ժամանակին չէր կարողացել իմանալ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման մասին։ 2018 թվականի դեկտեմբերին` երկրում իշխանափոխությունից մի քանի ամիս անց, գեներալը դարձավ վարչապետի խորհրդական, տեղեկացնում է Sputnik Armenia։