ՄԻՊ–ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ նախագահին, ՄԽ համանախագահներին և այլ մարմինների

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների` լրացուցիչ տվյալներ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրական վիճակի, նրանց վերադարձի հրատապության, անհետ կորածների ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերով:

«Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս հարցը արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ»,– Facebook-ի իր էջում գրել է Թաթոյանը։

ՄԻՊ–ն արձանագրում է, որ Ադրբեջանը ոչ միայն արհեստական ձգձգում է գերիների վերադարձը, այլև դիտավորյալ չի հայտնում գերիների իրական թիվը` խախտելով գերիների իրավունքներն ու հոգեկան տառապանքներ պատճառելով նրանց ու անհետ կորածների ընտանիքներին։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին»,– նշում է Թաթոյանը:

Գերիներին ազատ արձակելու հարցը ՄԻՊ–ը կարևորում է նաև Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։