Շենգավիթի պեղումները միտված կլինեն տաճարական համալիրի բացահայտմանը

Շենգավիթ վաղ բրոնզեդարյան հնավայր- հուշարձանում 2021-ի սեպտեմբերին կամ հոկտեմբերին պեղումներ կիրականացվեն: Պեղումները միտված կլինեն տաճարական համալիրի բացահայտմանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շենգավիթի հնագիտական արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասաց՝ համավարակի պատճառով դժվարացել է համագործակցությունն օտարերկրյա արշավախմբերի հետ, սակայն 2022-ի գարնանը կհրատարակվի հայ-ամերիկյան արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքներն ամփոփող «Շենգավիթ» գիրքը, որում ներառվելու են նաև 2021-ի արդյունքները: «Դա շատ լուրջ գիրք է, որը լույս է տեսնելու ԱՄՆ-ում: Հայերեն տարբերակը կհրատարակվի Երևանում: «Շենգավիթ»-ը հնագիտության վերաբերյալ կարևորագույն գրքերից մեկը կլինի, որը լուրջ նշանակություն կունենա հայ հնագիտության միջազգայնացման գործում»,-շեշտեց հնագետը:

Նա ընդգծեց, որ Շենգավիթը եղել է, կա և կմնա Հայաստանի ամենաառանցքային հուշարձանը: «Շենգավիթի պեղումները բացառիկ են: Նոր պեղումների հիմքն ու նպատակը տաճարական համալիրի բացահայտումն է: Մենք պեղում ենք տաճարի առջևի հրապարակը, իսկ այդ ժամանակաշրջանում տաճարի գոյությունը նշանակում է սոցիալական բարձր կազմակերպված հասարակություն, կրոնական բարդ պատկերացումներ, մի խոսքով՝ այն բոլոր ենթահիմքերը, որոնք կարող են խոսել, եթե չասենք պետական կազմավորումների, ապա գոնե նախապետական շատ բարդ և զարգացած հասարակության մասին, երբ Շենգավիթում ձևավորված է եղել հին արևելյան քաղաք»,-նշեց Սիմոնյանը:

Արշավախմբի ղեկավարը հիշեցրեց, որ Շենգավիթում եղել է շատ զարգացած արդյունաբերություն. եղել են մետաղագործների, երկրագործների, այլ արհեստավորների  թաղամասեր: «Չափազանց բարձր մակարդակի է եղել գյուղատնտեսությունը: Միայն մեր պեղած հորերի վերլուծությունը  հիմք է տալիս ենթադրելու, որ Շենգավիթում օգտագործել են Հրազդանի ամբողջ գետափնյա  տարածքները ընդհուպ մինչև  Կարմիր բլուր, և այդտեղից ստացած առատ բերքը օգտագործվել է ոչ միայն Շենգավիթի համար, այլև առևտրի, փոխանակության նպատակով: Շենգավիթում կարողացել են ամբարել մինչև 40 տոննա հացահատիկ: Դա վիթխարի թիվ է: Երբ մի քանի հարյուր կիլոգրամանոց շտեմարաններ են պեղում, ասում են, որ դրանք շատ մեծ նշանակություն ունեն, իսկ Շենգավիթում շտեմարանների թիվը հսկայական է»,-պատմեց մասնագետը:

Սիմոնյանը հայտնեց, որ վերջերս արտերկրում հրատարակվել է մի հոդված, որում ասվում է, որ Շենգավիթում եղել է կշռի միասնական միավոր, ինչը ևս պետականության խորհրդանիշ է: Ըստ նրա՝ Շենգավիթի կշռի միավորները համընկնում են սիրիա-պաղեստինյան աշխարհի կշռի միավորներին:

Հակոբ Սիմոնյանը շեշտեց, որ պեղումները մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում, քանի որ նյութերը պետք է մաքրել, դասակարգել, վերականգնել, պատրաստել լուսանկարները, պետք է պետրոգրաֆիկ անալիզներ անել՝ հասկանալու, թե ինչ սկզբունքով է խեցեղենը պատրաստվել, անհրաժեշտ է սպեկտրալ անալիզ կատարել՝ մետաղական գտածոների քիմիական կազմը որոշելու համար:

«Շենգավիթում կան հնագույն ոսկերչական նմուշեր, որոնք ցույց են տալիս, որ Շենգավիթում եղել է նաև ոսկերչական արվեստ, որը կարող էր ձևավորվել միայն պետական հովանավորությամբ գործող արհեստանոցներում, եթե ոչ պետական, ապա տաճարական, իշխանական հովանավորությամբ գործող արհեստանոցներում»,-ասաց հնագետը:

Անդրադառնալով 2020-ին իրականացված պեղումների արդյունքներին՝ նա տեղեկացրեց, որ հիմնականում հայտնաբերվել են խեցեղենի հսկայական բեկորներ՝ ծածկված հողի, կրի շերտով: Հազարավոր բեկորներ լվացվել են, հիմա դասակարգման աշխատանքներն են իրականացվում: Այն գտածոները, որոնք արժեքավոր են, կառանձնացվեն, իսկ որոնք ոչ, նորից կթաղվեն հուշարձանի տարածքում:

«Հայտնաբերվել են զենքի տեսակներ, վանակատից պատրաստված մետասլաքներ, արձանիկներ, քարերից գործիքներ: Մեր ամերիկյան գործընկերների վկայությամբ Շենգավիթը քարե գործիքների քանակով գերազանցում է իրենց հայտնի հուշարձաններից շատ-շատերը: Հայտնաբերված գտածոներից կքաղվի ամբողջ ինֆորմացիան: Կարևոր է խեցեղենի գույնը, ձևը, տեսակը և այլն: Դա հսկայական աշխատանք է, որը կարող է տարիներ տևել, բայց մենք կունենանք ամբողջական պատկեր Շենգավիթի խեցեգործության մասին»,-եզրափակեց Հակոբ Սիմոնյանը:

Անժելա Համբարձումյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ