Սյունիքում իշխանության ներկայությունը չի զգացվում․ նախագահի խորհրդական

Եթե երկիրը 6 ամսում 35 տուն չի կարողանում կառուցել, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը, որն այս օրերին Սյունիքի սահմանամերձ գյուղերում է, իսկ այսօր էլ Facebook-ի իր էջում գրել էր «Փաստորեն ոչ միայն Արցախն ենք բրախել, այլ նաև անտեսված է Հայրենիքի Սյունիք աշխարհը»։

«Սյունիքում պետք է ոչ միայն անվտանգային, այլև մարդկանց կյանքի խնդիրները լուծել։ Մարդիկ կորցրել են և ապագայի հանդեպ հավատը, և անվտանգային մեծ խնդրի առաջ են կանգնած։ Սա վերաբերում է բոլոր գյուղերին։ Այսօր պետք է ամբողջովին կենտրոնանք և Արցախի, և Սյունիքի, և ողջ Հայաստանի անվտանգային խնդիրների վրա»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է անվտանգությունը ապահովվի, որ այդ գյուղերում մարդիկ շարունակեն ապրել, այլապես երկիրը պաշտպանել ու պահպանել չենք կարողանալու։ Ըստ նրա, նախապատերազմյան շրջանում էլ սոցիալական խնդիրներ ունեցել են գյուղացիները, բայց ունեցել են նաև հողատարածքներ մշակելու հնարավորություն, իսկ այսօր և դրանից են զրկվել, և անասուն պահելու հնարավորությունից։ Պողոսյանի կարծիքով, շատ համայնքների համար պետք է տնտեսական նոր մոդել մշակել, որ մարդիկ գործ ունենան ու գյուղում մնան։ «Համայնքներ կան 35 տուն է պետք կառուցել, 6 ամիս է ոչ մի բան չեն արել։ Եթե երկիրը 6 ամսվա մեջ 35 տուն չի կարողանում կառուցել, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Մարդիկ գալիս են ինչ-որ խոստումներ են տալիս ու ոչ մի բան էլ չեն անում»։

Նախագահի խորհրդականը նկատում է, որ հարց բարձրացնող ինստիտուտները, ինչպիսին է ՄԻՊ-ը, ներկայացնում են խնդիրները, բայց պետք է խնդիր լուծող ինստիտուտներն էլ զբաղվեն այդ ամենով։ «Որոշ ժամանակ առաջ կառավարությունում մեկն ասել էր, թե կենտրոնական իշխանությունը սյունեցիների հետ է, բայց իրականում Սյունիքում այդ ներկայությունը չի զգացվում»,- վստահեցնում է Պողոսյանը։

Դիտարկմանը, թե ՄԻՊ-ը Սյունիքում միշտ կարևորում է անվտանգության գոտու ստեղծումը՝ հաշվի առնելով նաև թշնամու պարբերական դարձած սադրանքները, սակայն այս առումով էլ կարծես սայլը տեղից չի շարժվում, նա շեշտեց «Ոչ միայն Սյունիքում, Արցախում էլ այդ խնդիրը շատ զգայուն է։ Թշնամին գալիս է իր դրոշներով, զինվորներով կանգնում է, ու Աստված գիտի, թե ինչ կարող է անել։ Այսօր ոչ միայն հոգեբանորեն պետք է անվտանգության խնդիր լուծվի, այլև իրական։ Ոչ թե ասեն՝ դե գիտեք, խորհրդային տարիներին էլ էին քար շպրտում, հիմա ի՞նչ անենք։ Ցանկացած դեպքի հետևից պիտի գնալ, պատժել, որ մարդիկ վստահություն ունենան։ Չնայած հիմա ամեն բլուրի վրա կանգնած են մեր դրոշակները, բայց դու զգում ես հայրենիքիդ փոքրությունը։ Անցնում ես ճանապարհներով, որտեղ ինքդ քո հույսին ես մնացած։ Դեռ լավ է, որ մեկ-մեկ զինվորական մեքենաներ ես տեսնում, ուրախանում ես, որ բանակը դեռ կա, փորձում է սահմանները պահել։ Սակայն քանակական խնդիր էլ կա։ Երբ գյուղացին տեսնում է, որ ադրբեջանական դրոշակի կողքին կանգնած է 20 հոգի, իսկ հայկական դրոշակի՝ 2, հասկանու՞մ եք, թե ինչ զգացմունքներ է նա ունենում»։

Այն նկատառմանը, թե չնայած քանակական զգալի տարբերությանը, պատերազմից հետո  թշնամու հետ ավելի երկարած սահմանին, Փաշինյանը խոսում է զինծառայության ժամկետը կրճատելու մասին, Պողոսյանն առաջարկեց, որ Փաշինյանի հայտարարությունը դիտարկել զուտ նախընտրական տրամադրությունների շրջանակում։ «Այն պահից, որ Փաշինյանն իր լիազորություններից դուրս հայտարարություն է արել՝ ընտրությունների օրը նշելով, այդ րոպեից սկսած նրա խոսքերը հայտարարությունները նախընտրական շրջանակներում պիտի դիտարկել։ Այստեղ է այլ խնդիր էլ կա՝ ի՞նչ է հասարակությունը ցանկանում ուզում են իրենց բալիկները չգնան ու չծառայեն, ասելով, թե ում երեխաների հաշվին են հող պահելու։ Բայց կարո՞ղ եք ինձ բացատրել, լավ, այդ մարդիկ երազու՞մ են հզոր Հայաստանի մասին։ Եթե այդ Հայաստանն այդ տղաները չեն կառուցելու, էլ ո՞վ։ Եթե նրանք չպետք է ծառայեն ու հզոր բանակ չպետք է ունենանք, ինչպե՞ս ենք մենք մեր հայրենիքը վերադարձնելու»,- ընդգծեց նա՝ փաստելով, որ հզոր երկիր, բանակ ունենալու համար ջանքեր պիտի ներդնել, պետականություն ունենալու համար պետք է չարչարվել, իսկ այդ կարգի հայտարարություններ անողներն առնվազն ազնիվ չեն ուժեղ Հայաստան ունենալու ցանկություններում։

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մարզային այցեր է կատարում, գուցե արժե՞ հենց Սյունիքի սահմանային այդ համայնքներն այցելել, թե՞ թույլ չեն տալիս, չի գնում՝ հարցին ի պատասխան Թևան Պողոսյանն ասաց «Եթե չեն թույլ տվել, ուրեմն դրա մեջ էլ կա մի բան։ Ուրեմն լեգիտիմ չեք, ուրեմն ձեր քաղաքական պատասխանատվությունը կրեք։ Ասել եք՝ մենք ժողովրդավար, հզոր Հայաստան ենք կառուցելու, մենք ընտրություններ ենք արել։ Այդ ընտրությունը ոչ միայն թվեր է, այլև քաղաքական պատասխանատվություն։ Այն իշխանությունը, որը իր նախընտրական խոստումներից ոչ մեկը կյանքի չի կոչել, պետք է գիտակցված խաղաղ ճանապարհով հեռանա։ 2,5 տարում այնպես արեցինք, որ պատերազմին չկարողացանք դիմանալ, միասնականությունը կորցրինք, պետական ինստիտուտները թուլացրինք, հայրենիք կորցրինք։ Եկեք, այլևս չասենք, որ մենք ժողովրդավար ենք, պարզապես իշխանություն սիրող ենք ու երբ պետք է, մանիպուլացիաներով ողջ գործընթացները առաջ ենք տանում»։

newsam