ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ 50 ԴԱՎԱՃԱՆ

Պատերազմն ամենևին էլ չի ավարտվել: Այն շարունակվում է և առկա է մեր կյանքում մինչ օրս, և օրերից գրեթե յուրաքանչյուրը համալրում է լրահոսի ժապավենը հերթական ցնցող փաստով, բացահայտելով որևէ մասնիկն այն հրեշավոր զանգվածեղ ճշմարտության, որն աստիճանաբար սկսում է ուրվագծվել ցինիկ ստի կուտակումների միջից։ Այդ ճշմարտությունը, որն անչափ ցանկանում են իրենց անսահման ստով կրկին իսկ թաքցնել ու քողարկել ողբերգության մեղավորները, մեզ է հասնում նաև առանձին պատմությունների միջոցով՝ այն հերոսության ու արիության մասին, որոնցով, անկախ ամենից, պսակեցին իրենց մեր զինվորները։

Գուցե նաև դա է պատճառը, որ պատերազմից հետո թիրախում հայտնվեց Հայոց բանակը։ Այդ մասին գոռում ու նախազգուշացնում են փորձագետները, այդ մասին են վկայում փոփոխությունները զինված ուժերի ղեկավարության կազմում, որտեղ նշանակվում են խորշելի և իրենց վարկաբեկած զինվորականներ, որոնք պատրաստ են սպասարկել գլխավոր դավաճանին: Այդ մասին է վկայում խաչակրաց արշավանքն ընդդեմ բանակի նախկին հրամանատարության, ինչի հիմքում ընկած է պարտության ողջ պատասխանատվությունը գեներալակազմի վրա բարդելու, ամեն տեսակի մեղք իր վրայից գցելու և որպես մի այդպիսի մաքրամաքուր քաղաքական գործիչ ընտրությունները շահելու և վարչապետության նոր ժամկետ ստանալու Փաշինյանի ձգտումը։

Թե որքանով են արժանացել այդ ամենին գեներալները, առաջին հերթին՝ Գլխավոր շտաբի պետը, որը, ըստ լայնորեն շրջանառվող տեղեկությունների, եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո թաքցնում էր Նիկոլին Պաշտպանության նախարարության բունկերում, առանձին խոսակցության թեմա է։ Բայց ոչ պակաս կարևոր է, որ իշխանությունն իր առջև նպատակ է դնում վարկաբեկել և պատվազրկել ոչ միայն գեներալներին ու հրամանատարներին, այլև Հայ մարտիկին՝ շարքային զինվորին, որի հավաքական կերպարը՝ հերոսական հարյուրավոր կոնկրետ անուններով, դարեր շարունակ եղել է համայն հայության բարձրագույն արժեքն ու պարծանքը: Բացառություն չէին նաև անկախ Հայաստանի 30 տարիները, որտեղ Ղարաբաղյան առաջին ազատամարտի և հետպատերազմյան տարիների հերոսների անունները դարձան հաղթանակած և ազատագրված Հայրենիքի խորհրդանիշներ, սրբություններ և ընդօրինակման տիպարներ:

...Մի քանի օր առաջ հասարակությանը ցնցեց պատմությունը կոնկրետ զինվորի, Հադրութում զոհված 18-ամյա ժամկետային զինծառայող Ռոբերտ Կարապետյանի մասին։ Նրա մորաքույրը՝ Հասմիկ Մարտիրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում պատմեց, որ «Արիության համար» մեդալը, որով պարգևատրվել է պատանին, բերել և ծնողներին է հանձնել տաքսու վարորդը։ «Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու  Արիության մեդալով ա պարգևատրվել, որը  տաքսու վարորդը  հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա»,- գրել էր նա: Պատմությունը վրդովմունքի այնպիսի փոթորիկ բարձրացրեց, որ Պաշտպանության բանակը ստիպված եղավ հանդես գալ պարզաբանումով, հավատացնելով, թե տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ հերքման հեղինակների՝ պարգևը հարազատներին հանձնել է ոչ թե տաքսու վարորդը, այլ դասակի նախկին հրամանատարը, որն իբր « ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը»:

Տարօրինակ տեքստ է, պետք է խոստովանել, և զարմանալի չէ, որ այն արժանացավ բազմաթիվ բացասական մեկնաբանությունների, որոնց էությունը հանգում էր 44-օրյա ստախոսությունից հետո պաշտոնական հաղորդագրությունների հանդեպ անվստահությանը: Բայց տվյալ դեպքում կարևորը բնավ այն չէ, թե ինչպես է ամեն ինչ եղել իրականում. շատ ավելի կարևոր է այն փաստը, որ մերօրյա Հայաստանում նման արտառոց պատմությունն առավել քան ճշմարտանման է հնչում, քանզի «Հայրենիքի զինվոր» բուն հասկացությունը փորձում են ցած նետել այն բարձունքից, որի վրա այն գտնվում էր դեռևս մեկ տարի առաջ։ Որովհետև Հայաստանի և Արցախի իշխանությունները լծվել են հերթական կեղտոտ գործին, որի նպատակն է՝ մարդկանց գիտակցության մեջ արատավորել ու ոչնչացնել «պետության և ժողովրդի պաշտպան» բուն հասկացությունը, վարկաբեկել զինվորին, որին հենց իրենք դատապարտեցին պարտության իրենց դավաճանությամբ։ Խնդիր է դրված վարկաբեկել Հայոց բանակն ու արատավորել Հայ ռազմիկի սուրբ կոչումը։ Իսկ գլոբալ նպատակն այն է, որ դադարի գոյություն ունենալ «Հայրենիք» հասկացությունը, աստիճանաբար հանգեցվելով ինչ-որ տարածքի, որտեղ կուշտ ու անմիտ ապրում են տոհմազուրկ ու անուղեղ մի քանի հարյուր հազար մանկուրտներ։

Այստեղից էլ՝ ծայրահեղ վտանգավոր բոլոր այն միտումները, որոնք անմիջականորեն վերաբերում են Բանակին և, անկասկած, ձեռնարկվում իշխանությունների կողմից. զինծառայության ժամկետի կրճատում, ժամկետային զինծառայության փոխարինում պայմանագրայինով, զինծառայողների վերադարձ Արցախից և ՀՀ բնակիչների ծառայության դադարեցում Պաշտպանության բանակում, ինչ-որ «բարեփոխումներ» ԶՈՒ-ում, որոնց էությունն ու իմաստը չեն պարզաբանվում հասարակությանը: Այստեղից էլ՝ մանիպուլյացիաներն անհայտ կորածների ու գերության մեջ գտնվողների ծնողների նկատմամբ, որոնց սկզբում ներշնչում են, թե իրենց երեխաների վերադարձին խանգարում են ընդդիմության հանրահավաքներն ու ԶԼՄ-ները, իսկ հետո մականունավոր խորշելի պատգամավորի շուրթերով կտրականապես հրամայում «մաքրվել կառավարության շենքից»։  Պատերազմից հետո առաջին ամիսներին Փաշինյանը դեռ ձևացնում էր, թե խորապես մտահոգված է անհայտ կորածների ու գերիների ճակատագրով և անձամբ էր ընդունում հարազատներին։ Այդ թվում՝ պարգևներ հանձնում։ Այսօր դիմակներն աստիճանաբար պատռվում են, և իշխանությունները բացահայտ ու կոպիտ ձևով պարզապես ձեռքը թափ են տալիս դժբախտ մարդկանց վրա։ Այդ թվում՝ տոպրակով ուղարկելով մեդալները տաքսու վարորդների միջոցով …

Հենց Բանակի և Հայրենիքի պաշտպանության սրբազան պարտքի հետ կապված ամենի վարկաբեկմանն ու փլուզմանը ուղղված արշավի համատեքստում է պետք դիտարկել նաև Փաշինյանի խոսքերը զոհվածների թվի մասին, որոնք շանթահարում են լսողությունդ. «պլյուս-մինուս 50»։ Սա ոչ այլ ինչ է, քան ապացույց, որ զինվորներն ու սպաները անձամբ իր ու իր ոհմակի կողմից ի սկզբանե դիտարկվել են որպես թնդանոթի միս. այն, ինչը երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ։ Ելնելով բազմաթիվ հասկանալի պատճառներից՝ յուրաքանչյուր զինվոր մեզ համար անգին է, ոչ մարտական պայմաններում յուրաքանչյուր կորուստ դեռ մեկ տարի առաջ հարյուր հազարավոր մարդիկ վերապրում էին որպես անձնական ողբերգություն, իսկ «Ազգանակ» հայեցակարգն ընկալվում էր որպես մտածելակերպ և կենսակերպ։

Փաշինյանական Հայաստանում իրեն պետության ղեկավար համարող անձի համար «պլյուս-մինուս 50 զոհը» հենց Բանակի, ժողովրդի և պետության նկատմամբ մոտեցման հայեցակարգն է։ Նրա համար գլխավորն այն է, որ ստիպի մարդկանց մոռանալ այդ կորուստների մասին և ներշնչի, թե մեղավոր են բոլորը, բացի իրենից, և ուրեմն՝ ինքը կարող է և պետք է մնա իշխանության ղեկին նաև այն բանի համար, որ ցուցադրաբար պատժի  «իրական մեղավորներին»։ Ինչպես նաև շարունակի իր դավաճանական առաքելությունը, այդ թվում ՝ փլուզի Հայոց բանակն ու դրանով իսկ կատարի թուրքերի նվիրական երազանքը։ Որի մասին, ի դեպ, իր ոճրակից Ալիևը խոսում է բարձրաձայն, պնդելով, թե Հայաստանին բանակ պետք չէ։ Իսկ թուրքաշինյանական այդ համատեղ նպատակի ամենակարճ ճանապարհը Հայրենիքի պաշտպանի կոչումն ու կարգավիճակը նսեմացնելն է, արատավորելն ու խայտառակելը, և հայ զինվորի նոր կերպար ստեղծելը՝ որպես թույլ ու կռվելու և հաղթելու անընդունակ անհուսալի ձախողակի։

Հանուն այդ նպատակի Ալիևն Ադրբեջանում ծաղրում ու ծանակում է հայ զինվորի մանեկենին «ռազմական ավարի զբոսայգում»։ Նույն այդ նպատակով բացարձակ նույնն են անում նաև Նիկոլ Փաշինյանն ու իր վեցնոցները Հայաստանում և Արցախում՝ կենդանի մարդկանց և նրանց զոհված երեխաների նկատմամբ։ Դա այնքան ակնհայտ է, զազրելի ու լպիրշ, որ նույնիսկ կռահելու հարկ չկա. ամեն ինչ արվում է ի տես ամենքի։ Եվ օրըստօրե կարվի գնալով ավելի ցուցադրաբար. զոհված հերոսներին ու նրանց ծնողներին կնվաստացնեն ու կանարգեն հրապարակավ։ Նրանց (ծնողներին) մտադիր են վերածել խրտվիլակի, որից հետո նրանց վրա քսի կտան զոմբիացված «հպարտ» քաղաքացիներին, ներկայացնելով դժբախտ մարդկանց իբրև «արգելակ», որը խանգարում է առաջընթացին, տնտեսական բարգավաճմանը թուրքի հետ ձեռք-ձեռքի։

Հնարավո՞ր է արդյոք լինել այդքան ցինիկ ու բարոյազուրկ։ Հնարավոր է. և դա մեզ ապացուցում են ամեն ժամ ու ամեն րոպե: Հնարավոր է լինել անգամ է՛լ ավելի վատթար. և մեզ դա կապացուցեն առաջիկայում ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ 44-օրյա սուտն ու դրան նախորդած պետության փլուզման երկուսուկես տարին լոկ նախերգանք կթվան գլխավոր «ներկայացման» համար։

Բայց այդ հրեշավոր հակահայկական ծրագրի հեղինակներն ու ռեժիսորները կարծես թե հաշվի չեն առել թերևս ամենագլխավորը՝ ազգային հոգեկերտվածքն ու կորուստների խորությունը, վիթխարիությունը։ Այո, Արցախը հանձնած և մնացյալ Հայաստանը անդունդի եզրին հասցրած դավաճանը գրեթե կես տարի անց էլ դեռ պետության ղեկին է, և դա մեր ընդհանուր դժբախտությունն ու մեղքն է։ Այո, նրան թվում է, թե կարող է իրեն թույլ տալ հաշվել զոհված մարտիկներին «պլյուս-մինուս» 50 կամ 100 ոճով... Ոչ, նա ամենևին էլ ցավ չի ապրում, նա դա անում է միտումնավոր: Հատելով բոլոր կարմիր գծերն ու չհասկանալով, որ անհնար է առանց հետևանքների ոտքի տակ տալ թեկուզ 50 զոհված հայրենակիցների և Հայրենիքի ահռելի մասի կորուստը։

Նրա տերերին լոկ թվում է, թե իրենք կարող են դա անել։ Նրանք չեն հասկանում, որ «պլյուս-մինուս» սկզբունքով հաշվելու են հենց դավաճաններին, որոնց վրա է ընկած հազարավոր զոհված զինվորների մահվան մեղքը։ Իրենք սրիկաների ոհմակ են, որոնց միշտ հաշվել ու հաշվում են գլխաքանակով։ Իսկ զինվորները. զոհվածներն ու ողջերը, որոնք շարունակում են կանգնած մնալ սահմանին, Հայոց բանակն են, որտեղ յուրաքանչյուր զինվոր մեծագույն արժեք է, յուրաքանչյուր կյանք՝ անփոխարինելի, յուրաքանչյուր օրն ու ժամը՝ ծառայություն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։