Ադրբեջանում հայ ռազմագերիներին սպանելու դեպքերով գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ

Ադրբեջանցիների կողմից գերեվարված 18-ամյա Էրիկ Մխիթարյանի նկատմամբ ՄԻԵԴ-ն հրատապ միջոց կիրառելու մասին որոշում էր կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Արտակ Զեյնալյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցիները սպանել են գերեվարված Կաթնաջուր գյուղի բնակիչ, 18-ամյա զինծառայող Էրիկ Մխիթարյանին, որի դին բոլորովին վերջերս ճանաչվել էր ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում։ Մխիթարյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի հատկանիշներով՝ ռազմագերու սպանության համար։ Նշենք, որ Էրիկ Մխիթարյանը միակ ռազմագերին չէ, ով սպանվել է ադրբեջանցիների կողմից։ Ցավոք նա միակ գերին չէ, որը զրկվում է կյանքի իրավունքից:

Դեռևս պատերազմի օրերին տարաբնույթ տեսանյութեր էին տարածվում՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց սպանության, խոշտանգումների մասին, ընդ որում՝ խոսքը նաև քաղաքացիական անձանց մասին է։ Օրինակ գերության մեջ մահացած հայ գյուղացու՝ 84-ամյա Մուշեղ Մելքումյանի աճյունը հայկական կողմին փոխանցելուց հետո հայտնի դարձավ, որ տարեց մարդը բռնության էր ենթարկվել գերության մեջ. նրա գլխի շրջանում վնասվածք էր հայտնաբերվել` պատճառված բութ գործիքի գործադրման հետևանքով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիների կողմից պատերազմի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից հետո գերեվարված շուրջ 20 անձ սպանվել է, այդ թվում՝ քաղաքացիական, սակայն պաշտոնական մարմինները պաշտոնական տվյալները չեն հրապարակում:

Արտակ Զեյնալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ սպանության դեպքերի վերաբերյալ կյանքի իրավունքի խախտման մասով գանգատներ են ներկայացվել ՄԻԵԴ, սակայն այս պահին զերծ մնաց նշել, թե քանի նման գանգատ է ներկայացվել՝ հայտնելով, որ առաջիկայում մամուլի հաղորդագրությամբ հանդես կգան։ Բացի դա՝ Զեյնալյանը նաև հայտնեց, որ Էրիկ Մխիթարյանի վերաբերյալ ՄԻԵԴ հրատապ միջոց կիրառելու մասին որոշում էր կայացրել։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք սպանության մյուս դեպքերով ևս ՄԻԵԴ-ն կայացրել էր հրատապ միջոց կիրառելու մասին որոշում, այսինքն՝ Ադրբեջանը նույնիսկ հաստատվա՞ծ դեպքերով է խախտում գերիների կյանքի իրավունքը, Զեյնալյանը նշեց. «Այո, հաստատված դեպքերով կամ դեպքերով, որոնց վերաբերյալ կան անհերքելի, անվիճարկելի ապացույցներ»։

Ինչ վերաբերում է այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ գերեվարման դեպքերին, ապա Ադրբեջանցիների կողմից գերեվարված 180 անձի վերաբերյալ գործ կա ՄԻԵԴ-ում։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ տեղեկատվությունն այս պահին 120-ից ավել գերու վերաբերյալ է, իրենց վստահորդներից ավելի քան 20-ն արդեն հայրենադարձվել են, ևս երկու տասնյակը՝ հաստատված են։