Փաշինյան․ Սարգսյանն ու Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ

Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ և զուգահեռ չեն պատրաստվել պատերազմի։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

ԲՀԿ–ական Տիգրան Ուրիխանյանը հարց էր ուղղել վարչապետին` խնդրելով նրան մեկնաբանել Սերժ Սարգսյանի հետ Փաշինյանի հեռակա բանավեճը ԼՂ բանակցային գործընթացի մասին։

«Սարգսյանն ասում է` դուք իրարարամերժ հայտարարություններով տապալել եք ԼՂ բանակցային գործընթացը, դուք ասում եք` հակառակն է, Սարգսյանը պատրաստ էր հանձնել յոթ շրջանները»,– ներկայացրեց հարցը Ուրիխանյանը։

Փաշինյանը պատասխանեց, որ իրեն դավաճան անվանողները պետք է մեղադրանքը հիմնավորեն։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` դավաճան, հողատու ու կապիտուլյանտ նախկին իշխանություններն են եղել և շարունակում են մնալ։

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դուք դավաճան եք, հողատու եք, կապիտուլյանտ եք։ Եվ մենք պայքարել ենք ձեր դավաճանության, ձեր հողատու լինելու, ձեր կապիտուլյանտ լինելու դեմ, բայց դուք անգամ պատերազմի ժամանակ եք շարունակել ձեր դավաճանությունը։ Դեպքեր գիտենք, որ գեներալներին ասել են` ինչու եք թուրքի դեմ կռվում, ձեր թշնամին այստեղ է»,– ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ Քոչարյանն ու Սարգսյանը պատասխան են տալու իրենց արարքների համար։

«Դուք ձեր Բադեն–Բադենների համար ծախեցիք Ղարաբաղը։ 1998-ին Ղարաբաղը դուրս շպրտվեց բանակցային գործընթացից, 2016-ին Սարգսյանը ասում էր, որ պատրաստ էր յոթ շրջանները հանձնել, ինչպես նաև Ղարաբաղի կեսը։ Չարեց, որովհետև Ադրբեջանը չէր համաձայնում», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Շուշիի հարցը վաղուց է եղել շահարկման առարկա, ինչպես նաև ԽՍՀՄ մարդահամարի ժամանակ ԼՂ–ում գրանցված 40 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը նախկին ԼՂԻՄ տարածք։

«Մեր իշխանության համար ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը։ Իսկ նրանք ի՞նչ են արել։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ և զուգահեռ չեն պատրաստվել պատերազմի, մեր զինվորները 2016-ին կռվել են 80–ականների զենքերով»,– ասաց նա։

Նրա խոսքով` այս իշխանությունը կկարողանար պատերազմից խուսափել միայն այն դեպքում, որ համաձայներ Ադրբեջանին հանձնել ոչ միայն յոթ շրջանը և ԼՂ կեսը, այլև ամբողջ ԼՂ–ն և գուցե` մի բան էլ ավելին, տեղեկացնում է Sputnik Armenia։