Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին

ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Այսպես է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնավորել ՀՀ առաջին նախագահի առաջարկին մերժելը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

ՀՀ երրորդ նախագահը նաև հաստատել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի է ունեցել հանդիպում և որ ինքը մերժել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկը:

«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել` հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան»,–ասված է հայտարարության մեջ։

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա Սերժ Սարգսյանը պնդում է, որ այն տեսնում է առաջին անգամ:

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։