Երևանը գլխավոր ճարտարապետ չի ունենա

ՀՀ կառավարությունը ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով և օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հաստիքը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Առաջարկում ենք Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալների թիվը 1-ով ավելացնել՝ 4-ը դարձնել 5,և հանել կամ օրենքի կարգավորումներից դուրս բերել գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը»,- ասաց Տերտերյանը:

Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նաև հանրային ծառայության մասին օրենքում: «Երևանը ունի բազմաթիվ ծառայություններ, ստորաբաժանումներ, նաև հանրային հարթակում կան մասնագիտական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, խորհուրդներ, որոնք այս ոլորտում իրենց կարևոր և հեղինակային դերակատարմամբ ու ակտիվ մասնակցությամբ համատեղ աշխատանքի միջոցով կանոնակարգում են քաղաքի ճարտարապետական զարգացման և դրա հետ թղթակցվող խնդիրների կարգավորումը: Եվ քաղաքապետարանի կողմից նպատակահարմար է գտնվել, որ այս գործառույթները համակարգվեն վարչական, համայնքային պաշտոն զբաղեցնող առանձին տեղակալի ինստիտուտի կողմից և կանոնակարգվեն ըստ համայնքային ծառայության, նաև հանրային ծառայության օրենքով նախատեսված կանոնակարգումների»,- նշեց փոխնախարարը, տեղեկացնում է Factor.am-ը: