Կոպիրկին․ Հայաստանն ու Ռուսաստանը բարիկադի նույն կողմում են

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր` մայիսի 9-ին` Հաղթանակի օրվա առիթով այցելել են Երևանի քաղաքային պանթեոն։

Նա ծաղիկներ է դրել պանթեոնի տարածքում գտնվող Մեծ Հայրենական պատերազմի զոհերի հուշահամալիրում ու հարգանքի տուրք մատուցել այստեղ հանգչող պատերազմի մասնակիցների հիշատակին։

«Մեր երկրներում շատ մարդկանց համար դա ոչ թե պատմական տարեթիվ է, այլ անձնական, ընտանեկան բնույթի իրադարձություն, երբ պատերազմի մասին հիշողությունները, հերոսների հիշատակը փոխանցվում է սերնդե սերունդ։ Ես ուրախ եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը` պատերազմի մասնակիցների նկատմամբ հարգանքի, պատերազմի մասին պատմական ճշմարտության պահպանման, վետերանների նկատմամբ հարգանքի տեսակետից գտնվում են բարիկադի նույն կողմում»,– ասել է ռուս դիվանագետ լրագրողների հետ զրույցում` միաժամանակ ցավով արձանագրելով, որ նախկին ԽՍՀՄ երկրներում Հայրենական Մեծ պատերազմի նկատմամբ տարբեր ընկալումներ կան։

Կոպիրկինը շեշտել է նաև, որ իրենց պատմության դժվարին պահերին ազգերը հետ են շրջվում դեպի պատմությունը` այնտեղ փնտրելով այն պահերը, որոնցում արտացոլվել է ազգային ոգին ու ազգի մեծությունը։

 «Ես կարծում եմ մեր համատեղ Մեծ հաղթանակը հենց այդպիսի առավել ցայտուն պահերից մեկն է։ Հաղթանակի նշանակությունն անցողիկ չէ։ Մենք քաջ գիտակցում են, որ եթե չլիներ մեր նախնիների մեծաթիվ զոհերի գնով ձեռք բեված մեր հաղթանակը, աշխարհը կլիներ բոլորովին այլ։ Չեմ կարծում, որ կլիներ ավելի լավը»,– ասել է Կոպիրկինը։

Նրա դիտարկմամբ` պատմությունն անվերջանալի ընթացք է, որտեղ պատմական իրողությունների արժևորումը օգնում է լուծել այն խնդիրները, որոնց հետ ստիպված են լինում բախվել այսօր, տեղեկացնում է Sputnik Armenia։