Լավրովը խոսել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Շեշտվել է, որ նման բոլոր միջադեպերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:

Վերահաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Խոսվել է Հարավային Կովկասի իրադրության հետևողական կարգավորմանն ուղղված աջակցության պատրաստակամության մասին, տեղեկացնում է Sputnik Armenia: