«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել

2021 թ. մայիսի 22-ին «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպվել է «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով փարձագիտական կլոր-սեղան, տեղեկացնում է News.am:

Քննարկմանը մասնակցել են ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ ոլորտների ղեկավարման փորձ ունեցող անձինք: Քննարկման արդյունքում երկրի առջև ծառացած օրհասական և հրատապ խնդիրների վերաբերյալ ընդունվել է հայտարարություն:

Հայտարարության տեքստը ներկայացվում է ստորև:

«ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով փարձագիտական կլոր-սեղանի մասնակիցների հայտարարություն

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության դեմ, 2020թ. աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա ռազմական ագրեսիայի փաստը, ինչպես նաև ուժի չկիրառման միջազգային սկզբունքի կոպտորեն ոտնահարման հանգամանքը.

Ի նկատի ունենալով Արցախի դեմ պատերազմում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ներգրավված իսլամիստ վարձկանների մասնակցությունը, որի մասին խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական աղբյուրները,

Մտահոգություններ ունենալով 2020թ. նոյեմբերի 9-ին արված հայտնի հայտարարության 8-րդ և 9-րդ կետերի, և 2021թ. հունվարի 11-ին արված հայտարարության կատարման ընթացքում ՀՀ շահերի անտեսված լինելու հարցում,

Հաշվի առնելով ՀՀ պետական սահմանների շուրջ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգություններն ու դրանց ծայրահեղ բացասական ազդեցությունները Հայաստանի և Արցախի անվտանգության և կայուն զարգացման վրա,

Խորը անհանգստացած լինելով Արցախի կարգավիճակի անորոշության, ինչպես նաև նրա լուծման հարցում՝ ՀՀ իշխանությունների դրսևորած անկարողությամբ և անտարբերությամբ,

Ի նկատի ունենալով ՀՀ իշխանությունների կողմից՝ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում, ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում ցուցաբերած անպատասխանատու, ակնհայտ սխալ, ինչպես նաև ՀՀ անվտանգային շահերի դեմ միտումնավոր գործողությունները,

Ընդգծելով ՀՀ իշխանությունների անկարողությունը և հանցավոր անգործությունը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրի բարելավման և ամրապնդման հարցերում,

Անհրաժեշտ համարելով Հայաստանի և Արցախի անվտանգության նոր սպառնալիքների և մարտահրավերների դիմագրավման, զսպման և չեզոքացման հրատապությունը.

Մասնագիտական և փորձագիտական շրջանակների, մեր հայրենակիցների ուշադրությունն ենք հրավիրում, ինչպես նաև ՀՀ պետական և ուժային բոլոր կառույցներին, ՀՀ հասարակական-քաղաքական դաշտի ուժերին հորդորում ենք՝

1. Լրջորեն վերաբերվել Հարավային Կովկասում և Հայաստանի սահմանների շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներին,

2. Հետևողականություն և բարձրակարգ պատասխանատվություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի անվտանգությանն առընչվող հարցերին,

3. Համախմբվածություն և միասնականություն դրսևորել ՀՀ իշխանություների կողմից իրականացվող հակապետական և ապազգային գործողությունների և անգործության դեմ, ի նկատի ունենալով նաև ընտրությունների միջոցով վերջիններիս վերարտադրվելու վտանգավորությունը,

4. Արագացված տեմպերով ապահովել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից Հայաստանի սահմանների պաշտպանությունը, ներքին և արտաքին անվտանգությունը ինչպես նաև ՀՀ տարածքի բոլոր կոմունիկացիաների լիարժեք վերահսկելիությունը,

5. Հետևողականություն և պատասխանատվություն ցուցաբերել Արցախի Հանրապետության հետագա կարգավիճակի և նրա քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովման հարցերում: Միայն դրանից հետո է նպատակահարմար անցնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներին, որի ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանման սկզբունքով,

6. Բարելավել, ընդլայնել և խորացնել հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը՝ ամրապնդելով Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները,

7. Թույլ չտալ լեգիտիմությունը կորցրած ՀՀ իշխանություններին, գաղտնիության պայմաններում, թշնամու հետ ձեռք բերել ապօրինի պայմանավորվածություններ և ստորագրել ՀՀ տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը սպառնացող փաստաթղթեր,

8. Կանխել Հայաստանի՝ թուրք-ադրբեջանական հավանական միջանցքի և կոմունիկացիաների ծուղակում, կամ դրանցից ակնհայտ կախվածության մեջ հայտնվելու հնարավոր հեռանկարը,

9. Ապահովել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի և նրանց բնակիչների լիարժեք պաշտպանվածությունը, տեղաշաժի և բնականոն կյանքի անվտանգությունը,

10. Անհրաժեշտ ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից գերևարված կամ առևանգված՝ Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև ազգությամբ հայ բոլոր քաղաքացիների վերադարձի համար,

11. Երկրի անվտանգության և պաշտպանունակության հարցերում ձերբազատվել, չտրվել ՀՀ քաղաքական իշխանությունների պոպուլիզմին, ստին, կեղծիքին և տարատեսակ մանիպուլյացիաներին»: