Կարեն Կարապետյան․ Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություն է տարածել` վստահեցնելով, որ երկիրը ստեղծված իրավիճակից կարող է հանել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Կարապետյանը նշում է, որ ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

«Պետք է փաստել, որ բանակի մարտունակությունն էապես նվազել է, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա։ Ավելին, առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային»,-նշված է Կարապետյանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով` ունենք նաև սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ և բազմաթիվ այլ խնդիրներ:

Կարապետյանը նշում է, որ պետք է արագորեն վերականգնենք մեր անվտանգության համակարգը, մեր երկրում ու տներում հաստատենք հանդուրժողականություն։ Բացի այդ, ըստ նրա, արտաքին քաղաքական հարաբերություններում անհրաժեշտ է ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ, իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր, վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը։

Կարապետյանը կարծում է, որ մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի, իսկ շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Նրա խոսքով` անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:

«Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։ Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով` երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա»,–ասում է Կարապետյանը։

Նա հավելում է, որ Քոչարյանը կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։

Նախկին վարչապետն առաջարկում է անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։