«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

«Հայաստան» դաշինքը հունիսի 21–ին դիմել է ՀՀ վարչական դատարան` հայց ներկայացնելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործի` «Հայաստան» դաշինքը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ–ին մասնակիորեն անվավեր ճանաչել հունիսի 19-ին կայացրած որոշումը և նախազգուշացում կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ:

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը հունիսի 17-ին դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»` կառավարության լրատվական վարչության աշխատակիցներ տեսանկարահանման նպատակով, մեծ թվով ոստիկաններ ու ծառայողական ավտոմեքենաներ և այլն։ Դիմումում նշվել էր նաև Վարդենիսի տուն–ինտերնատի բնակիչներին քարոզարշավում ներգրավելու հանգամանքը։

Հունիսի 19–ին ԿԸՀ–ն որոշել էր մերժել բողոքը վերոհիշյալ հանգամանքների մասով, իսկ վարչապետի կողմից Facebook-ի պաշտոնական էջի օգտագործման պահով` կարճել, տեղեկացնում է Sputnik Armenia։