«Հայաստան» դաշինքն անելու է առավելագույնը՝ Չարչյանին ազատ արձակելու համար

«Հայաստան» դաշինքն իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է ընտրություններից ամիջապես հետո ձևավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Նման հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով քիչ առաջ կայացված որոշմանը։

Հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ՀՔԾ միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Չարչյանին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։

«Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ հավատարիմ են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին»,–նշված է հայտարարության մեջ։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը և անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia։