ԱՐՑԱԽԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԸ, ԵՎ ՎԵ՛ՐՋ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է տվյալներն աշնանային պատերազմի ընթացքում հանրապետության կրած մարդկային կորուստների մասին: Այդ տվյալները ստացվել են փաստահավաք աշխատանքի արդյունքում, որը մեկնարկել է պատերազմի առաջին իսկ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ստեփանյանի հրապարակած թվերն ուղղակի սարսափելի են, և դրանց հետևում կանգնած է հիրավի հրեշավոր փորձությունների ենթարկված փոքրիկ հայկական երկրամասի՝ մեր Հայրենիքի մասնիկի վիթխարի ողբերգությունը։ Հիշեցնեմ, որ անիծյալ ու դավաճանական վերջին պատերազմի առաջին զոհը մարտունեցի 9-ամյա աղջիկն էր, որը զոհվեց իր տան բակում. մայրն ու եղբայրը հրաշքով էին փրկվել թուրքական ուժերի դաժան հրակոծումից։

Զոհվածների ցուցակում նշված է Արցախի 750 քաղաքացի: Նրանցից 81-ը քաղաքացիական անձինք են, որոնցից 42-ը զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի և դիվերսիոն խմբերի հրթիռային, հրետանային, ականանետային գնդակոծությունների հետևանքով, իսկ 39-ը սպանվել են ադրբեջանական գերության մեջ կամ առնվազն Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, թիրախավորված դիմահար կրակոցների հետևանքով: Նշվում է, որ զոհված զինծառայողների թիվը ներառում է նրանց, ում տվյալները հաշվառված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում:

Վիրավորվել է 163 քաղաքացիական անձ, սակայն հստակ թիվ դեռ չկա։ Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունում անհետ կորած է համարվում 83 մարդ, որոնցից 23-ը՝ քաղաքացիական անձինք: Գերեվարված և ազատ արձակված 103 անձանցից 23-ը Արցախի քաղաքացիներ են, հայտնել է Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնեմ, որ առ այսօր մենք չունենք համապատասխան թվերը Հայաստանի վերաբերյալ։ Պատերազմի ավարտից անցել է ուղիղ 8 ամիս, իսկ ՀՀ իշխանությունները ջանադրաբար թաքցնում են կորուստների վիճակագրությունը, և ոչ մի հույս չկա, որ թվերը կհրապարակվեն, համենայն դեպս՝ այս իշխանության օրոք։ Փաշինյանի ու իր ոհմակի մյուս պաշտոնյաների կողմից եթե անգամ նշվել են ինչ-որ տվյալներ, ապա դրանք ակնհայտորեն եղել են ոչ ստույգ (հիշո՞ւմ եք Նիկոլի «պլյուս-մինուս 50 մարդ»-ը) և հակասական: Այս իշխանությունը ոչ միայն ոչ մի բանում ու երբեք ճշմարտախոս չի եղել, այլև իր էությամբ ներծծված է ստով, որը վաղուց դարձել է իր տարբերիչ առանձնահատկությունն ու գործելակերպը: Իսկ այսչափ նրբաբնույթ ու կարևոր հարցում կապիտուլյանտներից ճշմարտություն ակնկալելն ընդհանրապես անիմաստ է։

Վերադառնանք, սակայն, Արցախին։ Ստեփանյանի կողմից տվյալների հրապարակումից հետո ահա թե ինչ է գրել իր ֆեյսբուքյան էջում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը. «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ եղել է 2959700, Արցախի մշտական բնակչության թվաքանակը՝ 148800։ Թե քանի ՀՀ քաղաքացի է զոհվել 44-օրյա պատերազմում, հայտնի չէ. իշխանությունները մեր զոհերի թիվը թաքցնում են։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ընթացքում զոհվել է 5000-7000 ՀՀ քաղաքացի։ Եթե անգամ համարենք, որ 5000-7000 զոհերը եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներ, ապա տոկոսային հարաբերությամբ դա կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության 0,17-0,24%-ը։ Արցախի պարագայում ստացվում է՝ զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Կամ այլ կերպ՝ պատերազմի ընթացքում զոհվել է յուրաքանչյուր 592/423 ՀՀ քաղաքացուց 1-ը, իսկ Արցախում 198-ից 1-ը։

Հուսամ՝ այլևս վերջ կտրվեն այն քստմնելի քարոզչությանն ու խոսակցություններին, թե իբր Արցախից ոչ ոք չի կռվել, ոչ ոք չի զոհվել։

Ամոթ է, զզվելի և դատապարտելի»,- գրում է նա։

Փորձագետը շոշափել է մի շատ կարևոր ու նրբաբնույթ թեմա՝ հաշվի առնելով նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցածը։ Ռազմական գործողությունների ավարտից որոշ ժամանակ անց ինչ-որ մեկի կեղտոտ ձեռքով սոցցանցում խոսակցություններ տարածվեցին այն մասին, թե իբր՝ Արցախի բնակիչները չեն կռվել, պատերազմում կռվել են հիմնականում ՀՀ քաղաքացիները։ Կասկածից վեր է, որ նման հերյուրանքները տարածում էին դիտավորյալ, նպատակաուղղված, դրանք հայ ժողովրդի պառակտման այն ավերիչ արշավի բաղկացուցիչ մասն էին, որը թեև մշտապես մարմրում, բայց հենց Փաշինյանի իշխանության շրջանում միտումնավոր հրահրումով բռնկվեց նոր ուժով։ Պատերազմը, որը աղետալի հետևանքներ ունեցավ ողջ հայ ժողովրդի համար, որոշակի ուժեր օգտագործեցին որպես հարմար առիթ՝ թեման առանձնակի ցինիկ հուն փոխադրելու նպատակով, «հայաստանցիների» և «արցախցիներին» արհեստական ու ծայրաստիճան վտանգավոր բաժանման նողկալի կրակին ցախ դնելու բացահայտ մտադրությամբ։

Եվ այն փաստը, որ նման գրառումների և մեկնաբանությունների հեղինակներն ու հրահրողները, որպես կանոն, իշխանական ֆեյքերն էին, վկայում էր այդ նողկալի մոտեցման կանխամտածվածության և կապիտուլյանների ոհմակի ընդհանուր քաղաքականությունից դրա անքակտելիության մասին։ «Ժեխի» գիտակցության մեջ եռանդագին ներդրվում էր այն միտքը, թե իբր արցախցիները փախել ու դասալքել են, ուստի նրանց տված զոհերի թիվը շատ չնչին է, իսկ կռվել ու զոհվել են Հայաստանի բնակիչները... Եվ դա հստակ տեղավորվում էր փաշինյանական այն հայտնի «հայեցակարգի» մեջ, թե իբր՝ Արցախն ու արցախցիները բեռ են Հայաստանի համար, որից պետք է ազատվել։

Հիմա արդեն, մարտական գործողությունների ավարտից 8 ամիս անց, այդ ազգադավ թեզը օրգանապես տեղավորվում է իշխանությունների ոչ թե քողարկված, այլ հակառակը, ցուցադրական քաղաքականության մեջ՝ ամբողջությամբ հրաժարվելու Արցախից, հայկական երկրամասը Ադրբեջանի կազմում ճանաչելու մոտակա հեռանկարով։

Այժմ, Գեղամ Ստեփանյանի կողմից թվերի հրապարակումից հետո ցինիկ սուտն ավելի ակնհայտ դարձավ։ Արցախցիները պաշտպան են կանգնել իրենց Հայրենիքին ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի բնակիչները, իսկ դասալիքներ ու վախկոտներ եղել են ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի դա պատերազմ էր, որը մղում էր հայ ժողովուրդը՝ անկախ բնակության վայրից, պաշտպանելով միասնական Հայրենիքը։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատունը և Երևանի Եռաբլուրը մեր ընդհանուր կորուստների, մեր ընդհանուր ցավի և ընդհանուր հիշողության խորհրդանիշն են։ Եվ այդ հիշողությունն ու ցավը պղծելու ցանկացած փորձ հանցավոր է ճիշտ այնպես, ինչպես այն ամենը, ինչ արեց հանցավոր իշխանությունը Արցախի և Հայաստանի դեմ։

Բոլոր նրանց դեմ, ում համար կա մեկ ժողովուրդ. հայ, և մեկ Հայրենիք. Հայաստան։ Որը այսօր թեև խոշտանգված ու կանգնած է անդունդի եզրին, բայց ունի բոլոր նրանց միասնության ու համախմբվածության կարիքը, ովքեր սիրում են իրեն՝ իսկական, խորունկ, անսահման ու անձնուրաց սիրով։

АРЦАХ ЗАЩИЩАЛИ АРМЯНЕ - И ТОЧКА

... Այս ցավոտ թեմայի առնչությամբ հիշեցի այն գրառումը, որն ինձ խնդրեցին տեղադրել Ֆեյսբուքում 2020 թվականի հոկտեմբերի 7-ին։ Հայկ Ղուլյան անունով 19-ամյա պատանու մասին, որը զոհվեց պատերազմի առաջին օրերին. դեռևս մանկան դեմքով երիտասարդի, որը ծնվել էր Շուշիի ազատագրման օրը, 9-րդ տարեդարձին: Մեջբերեմ գրառումն ամբողջությամբ։

«Հայկ Ղուլյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 8-ին։ 2006-2018 թթ. սովորել է Շեխերի ավագ դպրոցում: 2018-2019 թթ.՝ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Լինելով գերազանցիկ՝ ընդունվել էր անվճար։ Սեպտեմբերի 29-ին մեկնեց ռազմաճակատ։ «Սրտի մեծ ցավով ուզում ենք տեղեկացնել մեր որդու, եղբոր և ընկերոջ՝ Հայկ Ղուլյանի կորստի մասին։ Նա ցանկանում էր իր կյանքը նվիրել հայ ժողովրդին ծառայելուն, բայց, ցավոք, պարզվեց, որ այն շատ կարճ էր... Հայկը հերոսաբար զոհվեց ռազմաճակատում, պաշտպանելով իր Հայրենիքը։ Դու հավերժ կլինես մեր սրտերում, մենք կշարունակենք անել ամեն ինչ՝ քո ցանկությունը իրականություն դարձնելու համար, իսկ Արցախում մարդիկ կապրեն խաղաղ ու երջանիկ։ Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Հայկ...»,- գրել են նրա ծնողները։ Հավերժ հիշատակ և փառք Հայոց աշխարհի հերոսներին»։

Հավելելու ոչինչ չկա։