ՓԱ՜ՌՔ ՆԻԿՈԼԻՆ

Բոլոր լրատվամիջոցները հաղորդում են ադրբեջանական հերթական արկածախնդրության մասին։  Ադրբեջանի զինված ուժերը գրոհել են հայկական ստորաբաժանումների մի շարք դիրքեր։ Զոհերի մասին տվյալները տարբեր են։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե զոհերը երեքն են, ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են վեցի մասին: Ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել մեկ դիրք, բայց հետո նրանք հետ են շպրտվել։

Կրկին իսկ համարենք սա դեռևս նախնական տեղեկատվություն. չափազանց հաճախ են մեզ ստել 44-օրյա պատերազմի շրջանում։ Դժվար թե այն ժամանակից ի վեր փոխված լինի երկրի գլխավոր չագուճիկի մարտավարությունը. թաքցնել իրական վիճակը՝ օդ ցնցելով մեծադղորդ հայտարարություններով։

Նոր սրացմանն արդեն արձագանքել են Թուրքիան և Ռուսաստանը։ Թուրքիան մեղադրել է հայկական կողմին։ Ռուսաստանը կողմերին առաջարկել է դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։ Հաղորդվում է, որ կողմերն ընդունել են առաջարկը, սակայն ադրբեջանական կողմից կրակոցները շարունակվում են:

Եվ մենք ասում ենք. «Փա՜ռք Նիկոլին»։ Անգերազանցելի գլխավոր հրամանատարին, որը պնդում էր, թե իբր՝ եթե հայկական ստորաբաժանումները Արցախում պատերազմից հետո հետ քաշվեն մինչև խորհրդային շրջանի սահմաններ, ապա դա կերաշխավորի մեր անվտանգությունը։ Փա՜ռք Նիկոլին ընտրողներին, նրա օգտին իրենց ձայնը տվողներին՝ հավատալով, որ եթե հանձնենք Արցախը, մեր երեխաներն այլևս չեն զոհվի

Հայաստանի ԱԳՆ-ը վերջապես ձայն հանեց ու հայտարարեց, որ Ադրբեջանը խախտել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության այն դրույթը, համաձայն որի՝ կողմերը ռազմական գործողությունների դադարեցումից հետո պետք է մնան զբաղեցրած դիրքերում: Հայաստանի ԱԳՆ-ը արցախյան պատերազմից գրեթե 9 ամիս անց նշեց, որ, պարզվում է, «հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության առաջին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին»:

Եվ մենք կարդում ենք ու ասում. «Փա՜ռք Նիկոլին»՝ մարդ-չագուճին։ Փա՜ռք նրան ընտրողներին։

Հաղորդվում է, որ առաջին կիսամյակում Հայաստանից մեկնած մարդկանց թիվը 80 հազարով ավելին է, քան ժամանածներինը, իսկ Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել արդեն 22 հազար մարդ: Սա ռեկորդ է։ Եվ մենք կրկին ասում ենք. «Փա՜ռք չագուճին, փա՜ռք եղջերվին, փա՜ռք շշին»։

Քիչ էր մնում մոռանայինք ամենագլխավորը. Հայկ Սարգսյանը տոնեց հարսանիքը, լրատվամիջոցները հայտնում են, որ Աննա Հակոբյանն իր արձակուրդը կանցկացնի Ֆրանսիայում, իսկ շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար Գայանե Գաբրիելյանը TikTok-ի ակտիվ օգտատեր է և, համաձայն իր ինքնակենսագրության, կարողանում է տեքստեր հավաքել համակարգչով ու շփվել մարդկանց հետ: Ասում են՝ փոխնախարարը կարողանում է նաև միացնել ու անջատել լույսը, բայց ռեզյումեում համեստորեն չի հիշատակել այդ մասին։ Դա նորմալ է, և մենք կրկին ասում ենք. «Փա՜ռք Նիկոլին»։

Իշխող կուսակցությունը մտադիր է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Դրա աշխատանքի մեջ ներգրավելով չագուճիկի կողմից վերահսկվող արտախորհրդարանական բազմոցային կուսակցություններին: Ինչո՞ւ ծանրաբեռնել այդքան մարդու։ Կարելի է հենց հիմա հրապարակել հանձնաժողովի գլխավոր եզրակացությունը. կապիտուլյացիան ստորագրել է ոչ թե Նիկոլը 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այլ Ռոբերտ Քոչարյանը՝ 2007-ին։

Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները ստորագրել են համատեղ հռչակագիր: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքով» Պակիստանը կկապվի Թուրքիայի հետ, իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բանակցում են թյուրքական համատեղ բանակի ստեղծման շուրջ:

Փա՜ռք Նիկոլին:

Հ.Գ.- Հաղորդվում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լքում Է Տոկիոյի Օլիմպիական խաղերն ու այսօր վերադառնում Հայաստան: Ինչո՞ւ, աղավնյակս։