«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»․ Ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ իշխանական մեծամասնությանը հիշեցնելով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների մասին։

«ՀՀ ազգային ժողովում կառավարության 2021-2026 թթ. ծրագրի այսօրվա քննարկման ժամանակ սադրանքի մեջ է ներքաշվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, այն ազատագրած, բանակի ստեղծման ու կառուցման գործում բացառիկ ներդրում ունեցած, 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցած, մեծագույն հարգանքի արժանի հայորդի է:

«Դավաճան» եզրույթը մի՛ օգտագործեք պատեհ ու անպատեհ առիթներով, գոնե թերթեք Քրեական օրենսգիրքը՝ հասկանալու համար, թե ինչ գործողություններ կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է համարվել դավաճան:

Այս կերպ շարունակելու դեպքում դուք հանրության մեջ խորացնում եք անջրպետը, սերմանում եք պառակտում, վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու, հանգեցնելու են քաղաքացիական բախումների», - ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am։