Արցախյան բոլոր պատերազմների հերոսների հիշատակին "Կենաց պուրակ" կհիմնադրվի

Արցախյանբոլոր պատերազմների հերոսների հիշատակը հավերժացնելու համար Երևանի Բուսաբանական այգում կհիմնադրվի «Կենաց պուրակ»։ Երևանի Հանրապետության հրապարակում րոպեներ առաջ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ շատ երկար քննարկումներ են եղել, թե ինչպիսի նախագծով պետք է հավերժացնել Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը, և «Կյանքի պուրակի» որոշումն է կայացվել։

«Արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող։ Դա չի լինելու հուշակոթող, այնտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու և զրուցելու են, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք։ Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնան այն հաղթանակը, որ նրանք կերտեցին»,- նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Հանրապետության հրապարակում տեղադրված և պատվո պահակախմբի կողմից պահպանվող ծառերը տեղափոխվելու են Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով ՀՀ պատմության նոր, խաղաղ դարաշրջանի մեկնարկը։

«Ապրի՛ր Հայաստան և բարձրացի՛ր, ապրի՛ր Արցախ և բարձրացի՛ր հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես»,- նշեց Փաշինյանն ու շնորհավորեց ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։