ԾԱՆՐ ՉԷ՞ ԱՐԴՅՈՔ ԿՐԾՔԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇՔԱՆՇԱՆԸ ԿՐԵԼԸ

Աղետալի պատերազմի առաջին տարելիցը պատշաճ առիթ է ոչ միայն արձանագրելու անվտանգության և պաշտպանության համակարգերում ի հայտ եկած նոր խնդիրները, այլև գնահատելու անցած մեկ տարում հանրային տարբեր խմբերի, նախևառաջ՝ էլիտաների վարքը, ավելի հաճախ՝ անգործությունը։ Չէ՞ որ արտահերթի ընտրարշավն անցավ նաև այդ էլիտաներին՝ գիտնականներին, հոգևորականներին, արվեստագետներին սպառնալիքներ տեղալով։ Թվում էր՝ մտավորականների այս խավերը, չհաշտվելով նվաստացուցիչ պարտության ու ամենօրյա ստորացումների հետ, իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու ընդդեմ մեղավորների։

Մինչդեռ իրականությունը, պարզվում է, փոքր-ինչ այլ է։ Օրինակ, Հայաստանում բնակվող և ոչ ռազմական արժանիքների համար Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացած միակ մարդը ԽՍՀՄ հայազգի միակ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն է։ Անցած մեկ տարում աշխարհահռչակ մաեստրոն մեկ խոսք անգամ չասաց հայրենազրկման մասին, այն դեպքում, երբ պատերազմի օրերին մարտակոչ էր ուղղում, պարտությունից ամիսներ անց էլ՝ համերգներ ղեկավարում։ Մաեստրո Չեքիջյանի համար որևէ բան չի՞ փոխվել, նա կորստի զգացողություն չունի՞։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մեծատաղանդ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ եղել է բոլոր իշխանությունների կողքին և առանձնապես աչքի չի ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, լռեց նաև անցած մեկ տարում։ Մաեստրո Մանսուրյանն, օրինակ, ասուլիս էր հրավիրում Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնի թեմայով, բայց անընդունելիորեն լռում էր Արցախի կորսման ու պարտության մասին։ Կորցնելու ի՞նչ ունի Մանսուրյանը, ինչի՞ց է զգուշանում, եթե իր անունը վաղուց գրվել է հայ և համաշխարհային երաժշտության գանձարանում։

Չեքիջյանն իր կրծքին Հայրենիքի շքանշան է կրում՝ որպես Հայաստանի ազգային հերոս, իսկ Մանսուրյանն արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին։ Եկեղեցին և նրա հովվապետը, պետք է հիշել, մերժել են այս իշխանությանը, Վեհափառը նույնիսկ պետական առիթներին հոգևոր դասի հետ առանձնաբար է մասնակցում։ Ուրեմն ինչո՞ւ մաեստրո Մանսուրյանը չի վերադարձնում իր կոչումը եկեղեցուն։ Հովհաննես Չեքիջյանն էլ Ազգային հերոսի կոչում ստացել է Սերժ Սարգսյանի ձեռամբ, միգուցե նա է՞լ մտածի կոչումից հրաժարվելու մասին։

Ինչպե՞ս է լինում մտավորական էլիտայի դավաճանությունը, եթե ոչ այսպես՝ դեմքի այնպիսի անվրդով արտահայտությամբ, ասես մեզ որևէ աղետ չի պատահել։ Հայոց պետությանը պատուհասած այս մեծագույն սարսափին և՛ Հովհաննես Չեքիջյանը, և՛ Տիգրան Մանսուրյանը, և՛ մեր մի շարք այլ երևելիներ, օրինակ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Գուժ Մանուկյանը և այլք, այդպես էլ անհաղորդ մնացին։ Անցած մեկ տարում նրանք չխոսեցին մեր պետականազրկման և Հայաստանի կորստյան վտանգի մասին։

Պարզվում է՝ նրանցից խոսք կորզելու, գնահատական պահանջելու, լռության ուխտը խախտելու բազում փորձեր են եղել, նրանց բացատրել են, որ իրենց խոսքը, առավել, քան երբևէ, պահանջված է և կողմնորոշող ազդեցություն կունենա հանրության համար։ Մինչդեռ մեր մեծանուն արվեստագետներից շատերն ուղղակի ապշեցուցիչ պատճառաբանություններով հրաժարվել են խոսելուց՝ պնդելով, թե որևէ քաղաքական ուժի չեն հարում և չեն ուզում փչացնել որևէ մեկի, նախևառաջ՝ իշխանության հետ իրենց հարաբերությունները։

Ստացվում է՝ մեր մտավորական էլիտային կարիք կա բացատրելու, որ խոսքն այստեղ ոչ թե քաղաքական պայքարի, այլ հայրենազրկման վտանգի մասին է, և իրենց խոսքով պետք է ոչ թե որևէ մեկին վատաբանեն և մյուսին գովերգեն, այլ ընդամենը բացեն մարդկանց աչքերը, խոսեն պետության կորստի իրական վտանգի և սպառնալիքի մասին։

Պետությանը դավաճանած մեր մտավորականությունը, նախկինում գովերգելով օրվա իշխանություններին, իսկ հիմա՝ պատեհապաշտորեն պահպանելով անընդունելի, հանցավոր լռություն, թող միշտ հիշի՝ Դանթեի «Աստվածային կատակերգությունում» Դժոխքի ամենադաժան պարունակները նախատեսված են նրանց համար, ովքեր անտարբեր մնացին բարոյական մեծ ցնցումների ժամանակ։