Ընդդիմությունը ԱԺ հատուկ նիստ է նախաձեռնում, կրքերը թեժացան

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին նախաձեռնել են ՀՀ անվտանգության խնդիրների թեմայով ԱԺ հատուկ նիստ հրավիրել։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Որպեսզի բազմաթիվ հարցերի պատասխաններ տրվեն, որպեսզի հայ քաղաքացին հասկանա` իր երկրի վիճակն ինչպես է, իր երկրի սահմանների պաշտպանվածությունն ինչպիսին է, որպեսզի պատգամավորների, տարբեր գործիչների ահազանգերը ՀՀ սահմաններում հենակետերի փոփոխության մասին հստակ պատասխան ստանան։ Եվ ոչ թե, ինչպես երեկ եղավ` ԱԱԾ–ն արհեստական, խուճուճ ձևակերպումներով, մոլորության մեջ գցի ՀՀ քաղաքացիներին»,– ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, երեկ մամուլում ու սոցիալական կայքերում լուրեր էին տարածվել, որ Կապանի Փելա սար ռազմավարական բարձունքը հանձնվել է Ադրբեջանին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հերքեց տեղեկությունները` հայտարարելով, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։

Իր ելույթում Գեղամ Մանուկյանը շեշտեց, որ ԱԺ հատուկ նիստ հրավիրելու իրենց սահմանադրական իրավունքից ընդդիմադիր խմբակցությունները որոշել են օգտվել այն բանից հետո, երբ վերջին 1 ամսվա մեջ 2 անգամ նախաձեռնել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը, նրա խոսքով, հանձնաժողովի նախագահի «տարբեր արհեստական պատճառաբանություններով» տեղի չի ունեցել, մերժվել են նաև ԱԺ քննարկումներ կազմակերպելու առաջարկները։

«Արդեն մեկ ամսից ավելի ընդդիմությունը տարբեր ձևաչափերով փորձ է արել այսօր երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք հանդիսացող տարբեր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպել ԱԺ–ում` ԳՇ–ի, ՊՆ–ի ԱԱԾ–ի մասնակցությամբ։ ԱԺ ղեկավարությունը, հակառակ նրա, որ սկզբից քայլեր ձեռարկեց, հետո, սակայն, անգործություն դրսևորեց, և մինչև հիմա խորհրդարանում չեղան քննարկումներ»,– ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորի ելույթը հունից հանեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և նա սկսեց սպառնալ, որ կընդհատի ելույթը։

«Չեք կարող»,– ասաց Մանուկյանը։

«Ընդհատելու եմ»,– պնդեց Քոչարյանը` պահանջելով չշեղվել օրակարգից։

Երբ կրքերը հանդարտվեցին, ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի օրը, երբ խորհրդարանի դահլիճում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարը, ընդդիմադիրներն իրենց հուզող հարցերը նրան չուղղեցին։

«Հարց չտվեցի, որովհետև գրավոր էի դիմել ՊՆ–ին։ Իմ հարցին մի «լղորիկ» պատասխան է եկել»,– ասաց Մանուկյանը` ցույց տաով ձեռքի թուղթը, ապա խոստացավ այսօր էլ հարցեր ուղղել հանձնաժողովի նիստում ներկա պաշտպանության փոխնախարարին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։