ՊՆ փոխնախարարը՝ Փայլասարի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փայլասարի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունն արդեն հաղորդագրություն ներկայացրել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 


«Հնչող հարցերը, վստահաբար վերաբերելու են կրկին սահմաններին, որոնք եթե իրենց մեջ պարունակելու են պետական գաղտնիքի տարրեր, ես զերծ եմ մնալու պատասխանելուց։ Զորքերի կահավորվածության, դիրքերի, դրանց քանակի, հեռավարության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով, եթե չեմ սխալվում 1998 թվականին կառավարության համապատասխան որոշումը կա։ Ես ենթադրում եմ, որ եթե արգելում են, ձեզ տեղեկատվություն չեն տրամադրում, այդ պատկան մարմինները հենց իրենց պատասխաններն ուղարկելուց՝ հղում են անում այս օրենքին»,- նշեց նա։

Հարցին, թե ի վերջո Փայլասարում հայկական հենակետեր կան, թե՝ ոչ, Սարգսյանը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

«Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է։ Ես սրանից առաջ՝ երբ ԱԺ-ում էի, քանիցս խնդրել եմ, որ հետևեն պաշտոնական լրահոսին։ Որևէ պատկան մարմին չի թաքցնում, որովհետև, մեր երկրի չափերը հաշվի առնելով, հնարավոր էլ չի թաքցնել։ Ձեր համար տարբերություն կա՞ կառավարության ենթակա մարմինն է պատասխանում, որը պետական կարևորագույն անվտանգության համար պատասխանու է, թե պաշտպանության նախարարությունը։ Եթե տարընթերցումներ եք տեսնում, ապա դիմեք Ազգային անվտանգությանը և փորձեք շտկել։ Ինչը վերաբերում է մեր սահմաններին, ես զերծ կմնամ պատասխանել, այդ թվում, թե ձմեռվանն ուղղված ինչ աշխատանքներ են կատարվում, բայց վստահեցնում եմ, որ աշխատանքներ կատարվում են»,- ասաց Սարգսյանը, տեղեկացնում է News.am։

Հստակեցնող հարցին, թե վերջո փոխնախարարը հաստատում է ԱԱԾ հաղորդագրությունն այն մասին, որ Փայլասարը հայկական տիրապետության տակ է, Սարգսյանը նշեց «Միանշանակ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ահազանգել էր, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն Ազգային անվտանգության ծառայությունը հերքել էր այդ տեղեկությունը։