Հրապարակվել է ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկը

Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Նշվում է, որ հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի՝ առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որի՝ ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր մուտքը կազմում է 38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է 38 մլրդ 249 մլն 247 հազար դրամով, երրորդ տեղում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ն է 34 մլրդ 194 մլն 185 հազար դրամով, որին հաջորդում է «Գրանդ Տոբակո»-ն՝  24 մլրդ 774 մլն 246 հազար դրամով: Առաջին հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ 16 մլրդ 415 մլն 197 հազար դրամ ընդհանուր մուտքերով:

Հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը «ՄՏՍ Հայաստան»-ը, «Թեղուտ»-ը, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը, «ՖԼԵՇ»-ը:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

«Հաշվի առնելով, որ հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև օտարերկրյա ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին, իսկ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք, ուստի ՊԵԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառել ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: ՀՀ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո ՊԵԿ-ի պաշտոնական կայքում կտեղադրվեն համապատասխան ժամանակահատվածների համար` հարկ վճարողների վճարումների վերաբերյալ ցանկերը»,-նշված է հաղորդագությունում: