«Գեոպրոմայնինգ» ընկերությունից հերքում են

«Գեոպրոմայնինգ» ընկերությունից հերքում են կոմբինատում զանգվածային կրճատումների մասին լուրերը։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ընկերությունը չի պատրաստվում կրճատել ո՛չ գործարանի, և ո՛չ էլ գործարանը սպասարկող Քաջարանի հանքավայրի աշխատակիցների թիվը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։

Դե, իսկ քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։

Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ն նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։ Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։