Էրդողան. Նպաստավոր մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պայման է կրկին նշել Երևանի և Բաքվի կողմից սահմանների փոխադարձ ճանաչումը, հայտնում է Anadolu–ն։

Ըստ նրա` այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղության և հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման հասնելու առավել նպաստավոր պայմաններ կան, քան երբևէ։

Էրդողանը նշել է, որ եթե Հայաստանը «Ադրբեջանի հետ հարաբերություններում անկեղծ կամք դրսևորի», որևէ խոչընդոտ չի լինի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։

«Անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն և փոխադարձ ճանաչվեն։ Սա է բարիդրացիական հարաբերությունների հիմքը», – ասել է Էրդողանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նա վստահություն է հայտնել, որ «կգա այն օրը, երբ կկարողանան դուրս գալ Զանգեզուրից և մեկնել Ստամբուլ, իսկ տարածաշրջանի դիրքերը, որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն, կամրապնդվեն»։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն և Անկարան քայլեր են ձեռնարկում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացման համար, որը Հայաստանի տարածքով Բաքուն կապում է Նախիջևանի հետ։