Ալիև․ Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Անկարան քայլեր են ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար, որը Հայաստանի տարածքով Բաքուն պետք է կապի Նախիջևանի հետ: Ալիևի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են իրականացնում Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց պտուղները կտան մոտ ապագայում»,- հայտարարել է Ալիևը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Հայաստանը պետք է նրանց «միջանցք» տրամադրի Նախիջևանի հետ կապ ունենալու համար, հակառակ դեպքում այդ միջանցքը կվերցվի ուժով:

Հայաստանի իշխանությունները, ի պատասխան թուրք-ադրբեջանական պնդումների, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին բազմիցս ասել են, որ խոսքը միջանցքի մասին չէ, այլ ընդամենը տարածաշրջանում, այդ թվում՝ Սյունիքի մարզով հաղորդակցությունների բացման մասին, որով Ադրբեջանը կարող է կապ հաստատել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել են, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը որևէ միջանցք չի ենթադրում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։