Լավրով. ՌԴ-ն ստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար»-ի օգտագործման մասին տեղեկատվությունը

Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է Դոնբասի ներկայացուցիչների հետ, վերստուգում է Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին տեղեկատվությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնբասի դիրքերում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին հաղորդագրություններին, ապա մենք այժմ նորից ստուգում ենք այդ տեղեկատվությունը։ Վերջին հայտարարություններից, որոնք տարածվում են Կիևի իշխանությունների կողմից և որոնցով այն շատրվանում է, շատ դժվար է պարզել, թե որտեղ է ճշմարտությունը և որտեղ է հորինվածքը։ Եվ հիմա մենք վերստուգում ենք բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումների»,- ասել է նա։

«Պատմությունը, իհարկե, պետք է ստիպի մտորել բոլոր նրանց, ովքեր խրախուսում են Ուկրաինայի քմահաճ պահանջները, որ դրան անհրաժեշտ է ընդունել ՆԱՏՕ: Եվ, իհարկե, ստիպել նրանց մտորել, թե ովքեր են զինում նեոնացիստներին ենթարկվող կիևյան ռեժիմը»,- հավելել է նախարարը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ «Բայրաքթար» հետախուզական և հարվածային անօդաչու համակարգ կիրառեցին։ «Զինյալներին զինադադար պարտադրելու համար Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով «Բայրաքթար» է կիրառվել։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթ»,- հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից, տեղեկացնում է News.am։