Զախարովա․ Կապերի ապաշրջափակման բանակցությունների ո՞ր ձևաչափն է ընդունելի

Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բանակցությունների ամենաօպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տարաձայնությունների վերաբերյալ։

Զախարովան հիշեցրել է, որ արդեն ութ նիստ է կայացել այդ ձևաչափով և բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը:

«Մենք ճիշտ ենք համարում հետևել հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: