Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանն ու Իստրակովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:

Հիշեցնենք` օգոստոսի 11-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դաշույն էր նվիրել հայ գործընկեր Արշակ Կարապետյանին և ասել` կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինությունների մատակարարման գործընթացը մեկնարկել է:

Իսկ օգոստոսի 20-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարել և շարունակում է մատակարարել, տեղեկացնում է Sputnik Արմենիա: