ՄԵԿ ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ՇՈՒՇԻԻ
Անցել է մի ամբողջ տարի, բայց միևնույնն է, չես կարողանում հավատալ դրան։ Անհնար է հավատալ, քանզի ընդդիմանում է ամեն ինչ. և՛ պատմական հիշողությունդ, և՛ազգային հոգեկերտվածքդ, և՛ իրադարձությունների տրամաբանությունը, և՛ անսպառ սերը Արցախի և նրա խորհրդանշանի նկատմամբ։ Անհնար է համակերպվել այն մտքի հետ, որ Շուշին թշնամու ձեռքում է. նույն այն Շուշին, որի ազատագրումը 1992թ. մայիսի 8-9-ին ազդարարեց հայկական ոգու և հայ զինվորի հաղթանակը, արդարության և բարոյականության հաղթանակը: Բայց փաստը մնում է փաստ. Շուշին թշնամու ձեռքում է, որը գերազանց գիտի մեր ցավի ողջ խորությունը և այդ պատճառով անընդհատ հարվածում է մեր մորմոքացող վերքին։
Սոցցանցերում այս օրերին լիառատ են տարբեր գրառումները, հաղորդագրությունները, մեկնաբանությունները, այն օրերի հույզերը... Հիշողությունը կրկին ընկղմում է այն օրերի և ժամերի մեջ, երբ այնքա՜ն հակասական տեղեկություններ էին հասնում մեզ Հայաստանի համար սրբազան քաղաքի ճակատագրի մասին: Հիշում ենք Արկադի Կարապետյանի՝ Արցախի Պաշտպանության բանակի առաջին հրամանատարի, Շուշիի ազատագրման մասնակցի տեսաուղերձը՝ հուսահատությամբ ու միաժամանակ խիզախությամբ լեցուն։ Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 29-ին պարզ դարձավ, որ չնայած Հայաստանի իշխանությունների մեծադղորդ հաղորդագրություններին, թշնամին արդեն ընդհուպ մոտեցել է Շուշիին, և քաղաքի հանձնումն անխուսափելի է, եթե նրա պաշտպաններն օգնություն չստանան։ Նույն օրը երեկոյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ թշնամին արդեն Շուշիի մերձակայքում է…
Վերարտադրել ժամանակագրությունը իրադարձությունների ողջ ճշգրտությամբ հազիվ թե իմաստ ունի. դա բնավ այնքան վաղուց չէր, որ մոռացած լինենք։ Բոլոր հաջորդ օրերի հաղորդագրություններն այն աստիճան հակասական էին, որ մենք բառացիորեն դեսուդեն էինք ընկնում ճշմարտության և հույսի արանքում, մեջտեղից կիսվելով փաստն ընդունելու անխուսափելիության և սրտի ու մտքի կտրուկ հրաժարման միջև՝ հավատալու, որ Շուշին զավթված է, որ այն կրկին տրորում է բարբարոսի նզովյալ ոտքը…
Ռուս ռազմական լրագրողները ընդհուպ մինչև նոյեմբերի 7-ը հաղորդում էին դեպքի վայրից, որ ադրբեջանցիներին չի հաջողվում վերցնել քաղաքը, քանի որ հայկական զորքերը մեթոդաբար «աղում» են թշնամու ստորաբաժանումները Հադրութի կիրճից Շուշի տանող «Դժոխքի կիրճում»։ Նոյեմբերի 6-7-ին անկախ աղբյուրները հայտնեցին, որ Շուշին արդեն ադրբեջանցիների ձեռքում է, իսկ իշխանության խոսափող Արծրուն Հովհաննիսյանը շարունակում էր ոգևորված ստել, թե Շուշին մերն է և չի հանձնվելու։ Նոյեմբերի 9-ին Բաքում տեսագրություն զետեղեց համացանցում, որը հաստատում էր, որ քաղաքի նկատմամբ վերահսկողությունն անցել է թուրքերին: Նույն այդ օրը Արցախի նախագահի մամուլի խոսնակը գրեց, որ «Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից». հիշո՞ւմ եք նրա ֆեյսբուքյան գրառումը, որին ոչ ոք չէր ուզում հավատալ, և նույնիսկ ասեկոսեներ տարածվեցին այն մասին, թե նրա էջը, իբր, կոտրել են...
Նոյեմբերի 9-ի երեկոյան Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Գերազանց իմանալով, որ ստում է։ Գերազանց իմանալով, որ մի քանի ժամ անց պետք է ելույթ ունենա ժողովրդի առջև ու հայտարարի Շուշիի հանձնման ու եռակողմ խայտառակ հայտարարության ստորագրման մասին, որը մի հսկայական յուղոտ խաչ քաշեց մեր բոլոր պատրանքների ու հույսերի վրա և գլխիվայր շրջեց մեր կյանքը՝ բաժանելով «առաջ» և «հետո»-ի։
Աղետից հետո անցած տարվա ողջ ընթացքում մենք հարցեր էինք տալիս այն մասին, թե ինչպե՞ս կարող էր նման բան պատահել, ինչպե՞ս կարող էր ընկնել անառիկ քաղաքը, եթե այն պաշտպանում էին մինչև վերջին պահը։ Այս ընթացքում ի հայտ եկան բազմաթիվ վկայություններ, որ Շուշին դավաճանվել ու հանձնվել է միտումնավոր, որ նրա անկման իրական հանգամանքները գաղտնի են պահվում։ Բայց այդ հաղորդագրություններից ոչ մեկը, այդ թվում՝ Շուշիի բարձրաստիճան զինվորականների ու պաշտպանության մասնակիցների վկայությունները այդպես էլ չհետաքննվեցին ու չապացուցվեցին կամ չհերքվեցին։ Սարսափելի ճշմարտությունն այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել հոկտեմբերի վերջին օրերից մինչև նոյեմբերի 9-ը, շարունակում է գաղտնիք մնալ՝ ծնելով մեծ քանակությամբ վարկածներ, ենթադրություններ ու ասեկոսեներ, որոնց ուղեղդ հրաժարվում է հավատալ՝ դրանց հրեշավորության և անսահման ցինիզմի պատճառով: Բայց փաստերը չափազանց համոզիչ են, որպեսզի տեղ թողնեն կասկածների համար…
Իսկ կասկածները, որ Շուշիի անկման հետևում դավաճանության պատմություն է թաքնված, անցած տարվա ընթացքում է՛լ ավելի հիմնավորվեցին ու փաստարկավորվեցին։ Եվ ոչ միայն բացահայտվող փաստերի և բազմաթիվ վկայությունների պատճառով։ Այս տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները, այդ թվում նաև ինքը՝ Փաշինյանը, արեցին ամեն ինչ, որպեսզի վարկաբեկեն, արատավորեն ու պղծեն մեր Շուշին, և արեցին դա թշնամուց էլ վատթար։
Հայ ժողովրդի ամենասիրելի քաղաքը «դժգույն ու դժբախտ» անվանող «գերագույն գլխավոր հրամանատարի» հայտարարությունները, նրա այն պնդումները, թե քաղաքում ոչինչ չի արվել ազատագրմանը հաջորդած տարիների ընթացքում, համացանցում զետեղվող տեսագրությունները՝ անհասկանալի կանանց պնդումներով, թե իբր «Շուշին պատկանում է Ադրբեջանին», կապիտուլյանտի թիմակիցների զազրելի հայտարարությունները, որոնք կասկածի տակ են առնում հայ ժողովրդին Շուշիի պատկանելության փաստը. այդ ամենը լոկ հաստատում և հիմնավորում է դավաճանության վարկածը և անառիկ ամրոցի հանձնման միտումնավորությունը, ընդ որում՝ հենց թշնամու համար բաղձալի օրը։ Անցած մեկ տարվա ընթացքում մեզ վրա թափվեց ստի, զազրախոսության, դավաճանական հայտարարությունների, փաշինյանական քարոզչամեքենայի հակահայկական քարոզչության այնպիսի հեղեղ, որ այսօր արդեն դժվար է հավատալ, որ այն սարսափելի օրը ողջ ժողովուրդը աղետից ցնցված ու խելագարված էր վշտից... Արդյոք ո՞ղջ ժողովուրդը։
Շուշիի կորստին հաջորդած մեկ տարին անցավ ոչ միայն մեծ ողբերգության և պատմական մասշտաբների կորուստների նշանի ներքո. ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստների։ Շուշիի կորստին հաջորդած մեկ տարին ապացուցեց, որ 44 օրերին տեղի ունեցած ամենը ոչ թե պարզապես պարտություն էր պատերազմում, այլ իրական անդունդ, որի մեջ մեզ ստորաբար նետեցին և այսօր փորձում են վերջնականապես թաղել։
Շուշիի կորստին հաջորդած մեկ տարին ապացուցեց ամենասարսափելին, ինչին մենք այն ժամանակ դեռ հրաժարվում էինք հավատալ. այս ամենն արվում է հայկական ազգանուններով, բայց ամոթից, պատվից ու խղճից զուրկ մարդկանց ձեռքով. մարդկանց, որոնց համար Հայրենիք և ազգ բառերը դատարկ հնչյուն են:
Շուշիի կորստին հաջորդած մեկ տարին ցույց տվեց, որ այդ մահացու մարտը պայքար էր ոչ միայն Շուշիի, Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի համար... ոչ միայն Արցախի համար։ Սա շարունակվող ճակատամարտ է ողջ Հայաստանի և հայոց պետության համար, այն ամենի համար, ինչը կոչվում և հանդիսանում է իրապես, խորապես և ընդմիշտ հայկական: Եվ ճակատամարտն այդ ընթանում է ոչ միայն հայերի և թուրքերի միջև, այլև նախևառաջ նրանց, ում համար Շուշին և Արցախը սրբություն են ու Հայրենիքի անքակտելի մաս, և նրանց, ում համար Շուշին «դժգույն ու դժբախտ քաղաք» է։ Նրանց, ովքեր չեն պատկերացնում կյանքն առանց Շուշիի ու Արցախի, և նրանց, ում համար գլխավոր չափորոշիչը ներդրումներն են և կառուցված կամ չկառուցված շենքերը։
Շուշիի կորստին հաջորդած մեկ տարին ապացուցեց, որ չկա Հայաստան առանց Շուշիի, ինչպես որ չկա Հայաստան առանց ամբողջ Արցախի։ Թշնամուն պահանջվեց 26 տարի՝ մեր քաղաքը կրկին զավթելու համար։ Մեզ կարող է շատ ավելի կարճ ժամանակն էլ բավականացնել, որպեսզի վերադարձնենք Շուշին, եթե…
Եթե մենք հնարավորինս շուտ հասկանանք այս պարզագույն ճշմարտությունները և ազատվենք նախևառաջ ներքին թշնամիներից. նրանցից, ում համար Արցախն ու Շուշին Հայրենիք չեն, այլ բեռ, որից պետք է ազատվել։ Միայն այդժամ նոյեմբերի 9-ը կդադարի մթագնել ու արժեզրկել մայիսի 9-ը, և միայն այդժամ Շուշին կրկին կդառնա այն, ինչ եղել է միշտ. հայոց պատմության, հայոց ներկայի և հայոց ապագայի շողշողուն մարգարիտ։