ԻՆՉՊԵՍԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ՆԱՎԹԸ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ Է ԿՇՌՈՒՄ

«Ինչի՞ վրա ենք ուրախանում: Որ այս անգամ նա թշնամուն չտվեց (համենայնդեպս՝ հրապարակավ) հայկական տարածքի հերթական կտո՞րը». Ֆեյսբուքի օգտատերերից մեկի այս գրառումը հայ հասարակության մի մասի զգացողությունների կվինտէսենցիան է։ Փորձագիտական և ընդդիմադիր շրջանակները գնահատեցին ամփոփիչ հայտարարությունը որպես Հայաստանի նոր նվաստացում և նրա իշխանությունների պարտվողական քաղաքականության նոր փուլ, որոնք հող են նախապատրաստում հետագա աղետալի զիջումների համար։ Նիկոլի ընտրազանգվածը նկատել է միայն մեկ բան. «պահանջկոտ» հայացք, որով իրենց կուռքը «խոցել է» Ալիևին։

Սոչիի հանդիպումը դեռ կքննարկեն ու կվերլուծեն առնվազն մինչև տարեվերջ, երբ, ըստ Պուտինի, կավարտվի աշխատանքը սահմանագծման և սահմանազատման մեխանիզմների վրա: Բայց եթե նայենք հայտարարությանը և ընդհանուր առմամբ հանդիպման բովանդակությանը՝ հանրությանը հասանելի մասով, ապա կարելի է հստակ արձանագրել մեկ բան. զրուցակիցների ողջ ուշադրությունը, ինչպեսև տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր խաղացողներինը, կենտրոնացած է բացառապես տնտեսության, լոգիստիկայի, տրանսպորտային հաղորդակցությունների վրա, որոնք տանում են դեպի գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բոլորովին նոր պատկերի ձևավորում։

Եվ ոչ մի խոսք այն մասին, ինչը ողջ այդ վիթխարի վերաձևման կենտրոնում է. հայ ժողովրդի։ Ոչ մի խոսք այն մասին, որ միայն վերջին երկու ամիսներին Արցախում և Հայաստանում սպանվել են խաղաղ բնակիչներ և զինվորներ, որ ևս 32 (եթե հավատանք Նիկոլի հնչեցրած թվին) հայ զինծառայողներ գերեվարվել են, որ թուրքերը նպատակաուղղված առաջ են շարժվում հայկական տարածքում, ոտնահարելով առաջին հերթին հայ հազարավոր քաղաքացիների կյանքի և անվտանգության իրավունքները։

Ճիշտ է, Փաշինյանն ինչ-որ բան կմկմաց այդ մասին, բայց դա արվեց ակնհայտորեն այն նպատակով, որ հետո իրեն չմեղադրեն սպանվածների ու գերիների թեման լռության մատնելու մեջ։ Եվ նույնիսկ այդ հարցում նա հավատարիմ մնաց իրեն ու իր ցինիկ համահավասարեցմանը, հայտարարելով. «Անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո արդեն մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել երկու կողմից, միջադեպեր են տեղի ունենում նաև Լեռնային Ղարաբաղում»: Հիշեցնեմ, որ Արցախում զոհվում են բացառապես հայեր։ Նրանցից մեկը սպանվեց ադրբեջանական կողմից դիպուկահարի արձակած կրակոցից, երբ տրակտորի ղեկին աշխատում էր սեփական դաշտում, իսկ նրա կողքին նստած էր ռուս խաղաղապահը։ Մյուսը՝ 20-ամյա երիտասարդը, ադրբեջանցի ավազակի կողմից դիմահար կրակոցով գնդակահարվեց ջրատարի վրա աշխատանքներ կատարելիս, նրա երեք ընկերները վիրավորվեցին։

Սրանք միայն վերջին երկու դեպքերն են, երկուսն էլ մնացին բացարձակ անհետևանք, բայց ոչ ոք այդ մասին արդեն չի էլ հիշում։ Արցախի իշխանությունները փաստացի անզոր են, Հայաստանի իշխանությունները ոչ միայն լվացել են ձեռքերն Արցախի հարցում, այլև ջանադրաբար անտեսում են թեման բոլոր մակարդակներում։ Թուրքերին նեղացնել նիկոլականների միջավայրում ընդունված չէ։ Բացի այդ, խաղաղ բնակիչների սպանությունները փչացնում են «խաղաղության» հեռանկարները, որոնք կրծքով պաշտպանում ու պահպանում է հայկական իշխանությունը։ Ի վերջո, ի՞նչ է մի քանի կամ նույնիսկ տասնյակ մարդկանց սպանությունը՝ ողջ տարածաշրջանի ապագա տնտեսական բարօրության համեմատ։

ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՌՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Նույնքան ջանադրաբար նա անջրպետում է իր «խաղաղության դարաշրջանը» այն հումանիտար աղետից, որին դատապարտել է և շարունակում է դատապարտել ադրբեջանական բռնազավթումը Սյունիքի տասնյակ հազարավոր բնակիչներին։ Նա գործնականում համաձայնում է Բաքվի և Անկարայի չդադարող, սողացող ագրեսիային, որը բացահայտ ուղղված է Հայաստանի հարավը գրավելուն և հայ քաղաքացիների փաստացի ցեղասպանությանը։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, ցեղասպանության հանցագործությունը, բացի ուղղակի սպանությունից, նաև գործողություններն են, որոնք ուղղված են «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմանը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Հենց դա էլ հիմա տեղի է ունենում Սյունիքում։

Բայց հայաստանյան իշխանություններն այդ մասին լռում են։ Բարձրաձայն ու անդադրում խոսում է միայն օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը համառորեն հրավիրելով հայկական սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքների զանգվածային ոտնահարման վրա։ Պնդելով այն փաստը, որ անթույլատրելի է սահմանազատում անցկացնել՝ առանց հաշվի առնելու նրանց կենսական շահերը, և այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինի երկրի բնակչության անվտանգության ապահովումը։ ՀՀ իշխանությունները, անզոր լինելով նրան խանգարել, ատամները կրճտացնելով անհամբեր սպասում են փետրվար ամսին, երբ Արման Թաթոյանը կլքի պաշտոնը, և իրենք հանգիստ կկարողանան «խաղաղ կյանք կառուցել», ուշադրություն չդարձնելով մշտական զոհերին, հայկական հողերի կորստին, նոր գերեվարումներին, հազարավոր քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտումներին

 ու տառապանքներին, Ադրբեջանի և Թուրքիայի անպատիժ հանցագործություններին, սահմանամերձ գյուղերի և ողջ Հայաստանի ամայացմանը

և այլն…

Սոչիում ընդունված հայտարարությունը, կրկնեմ, գործնականում ամբողջությամբ վերաբերում է կոմունիկացիոն նախագծերի և տնտեսության ապաշրջափակմանը։ Այնտեղ մի բառ անգամ չկա մարդու մասին, մարդկանց մասին, որոնք կորցնում են կյանքը, տները, ունեցվածքը, հայտնվում վտանգի մեջ և ստիպված են մտածել առաջին հերթին թշնամուց անվտանգության և պաշտպանության մասին, ինչը նրանց համար պարտավոր է ապահովել պետությունը։ Բայց միակ բանը, ինչի ընդունակ է պետությունը՝ ի դեմս Փաշինյանի, թշնամու վրա «պահանջկոտ» հայացք սևեռելն է՝ հատուկ տեսախցիկի համար, ձևականորեն մի քանի ճիշտ առաջարկներ արտաբերելը, իսկ հետո հլու-հնազանդ ստորագրելը մի փաստաթուղթ, որն ավելի մեծ վտանգի է ենթարկում այդ մարդկանց։

Քանզի ստորագրությունն այն փաստաթղթի տակ, որտեղ մի բառ անգամ չկա գերիների վերադարձի և երկրի տարածքների բացահայտ բռնազավթման պայմաններում հայկական սահմանների ու բնակչության պաշտպանության մասին, նշանակում է միայն նոր աղետներ, նոր մահեր և նոր տառապանքներ։ Որովհետև երբ դու ոչ մի խոսք չես ասում քո երկրի քաղաքացիների դեմ թշնամու կողմից ամեն օր կատարվող հանցագործությունների մասին, երբ քո դիվանագիտությունը գիտակցաբար լռության է մատնում այդ հանցագործությունները՝ սահմանափակվելով միայն հերթապահ մինիմումով, հակառակորդը է՛լ ավելի լկտի ու ցուցադրաբար կգործի դրանք, իսկ միջնորդները է՛լ ավելի կանտեսեն հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը, հետապնդելով սեփական շահը։

Իրոք որ, ինչո՞ւ պիտի իրենք մտածեն այդ մասին, եթե լռում է երկրի ղեկավարությունը. դրա վարչապետը, նախագահը, խորհրդարանը, ԱԳՆև այլ ներկայացուցիչները։

«Նավթը հայի արյունից ավելի ծանր կշռեց». լորդ Քերզոնի այս խոսքերը վաղուց քրեստոմատիական են դարձել՝ բնորոշելով դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ մեծ տերությունների վարած քաղաքականությունը, որը հանգեցրեց Ցեղասպանության և Հայրենիքի կորստի: Այսօր նավթն այդպիսի նշանակություն այլևս չունի, բայց իրավիճակը ճիշտ նույնն է. լուծել սեփական տնտեսական և քաղաքական նպատակները բացառապես հայերի շահերի հաշվին, ինչպես պատերազմի ժամանակ զանգվածային սպանության, այնպես էլ «խաղաղ» ժամանակներում ֆիզիկական բնաջնջման մնացած բոլոր մեթոդների կիրառման ճանապարհով։

Ճիշտ է, XX դարասկզբի համեմատ ինչ-որ բան այնուամենայնիվ փոխվել է։ Նախ, կատարվող ամենը, որ տեղավորվում է ցեղասպանության թուրքական քաղաքականության մեջ, քողարկվում է «խաղաղության դարաշրջանի» գալուստի մասին գեղեցիկ արտահայտություններով և տնտեսական բարգավաճման խոստումներով, այդ թվում՝ իբր հայերի համար։ Եվ երկրորդ

Մոտ 10 տարի առաջ ինձ բախտ վիճակվեց հարցազրույց վերցնել Ցեղասպանության ականավոր հետազոտող Վահագն Տատրյանից։ Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք այսօր նման բան, նա վստահ պատասխանեց, որ ի տարբերություն XX դարասկզբի, մենք ունենք անկախ պետություն, և այդ կարևորագույն գործոնը բացառում է 1915-ի իրադարձությունների կրկնությունը:

Գիտնականը հաշվի չէր առել և չէր էլ կարող հաշվի առնել մեկ բան. որ հայոց պետությունում իշխանության կարող են գալ մարդիկ, որոնք կնպաստեն պատմության կրկնությանը։ Գիտակցաբար, համառ ու հաստատակամորեն։