Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է «հզոր երկիր» կառավարող ծաղրածու։ Այս մասին հայտնել է Express-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանությունը Le Canard Enchaine երգիծական շաբաթաթերթում։

Քաղաքական գործիչը հայտարարություն է արել Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Նա մեղադրել է բրիտանացի ղեկավարին անլուրջության մեջ։ «Շատ տխուր է ծաղրածուի ղեկավարության ներքո տեսնել մի հզոր երկիր, որի հետ կարող էինք այնքան շատ բան անել»,- հայտարարել է Մակրոնը։

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանություններին, երկու պետությունների կառավարություններին խորհուրդ է տվել կենտրոնանալ ճգնաժամի կարգավորման վրա՝ մարդկային հետագա զոհերից խուսափելու համար։

Մակրոնի և Ջոնսոնի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրապարակեց Ֆրանսիայի նախագահին ուղղված՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի առաջարկներով նամակը։ Մակրոնը քննադատել է Ջոնսոնի մոտեցումը աշխատանքին և նշել, որ երկրների ղեկավարները միմյանց հետ չեն շփվում Twitter-ի կամ նամակների հրապարակման միջոցով։

Փարիզն ու Լոնդոնը ակտիվորեն քննարկում են, թե ինչպես լուծել անօրինական ներգաղթյալների հետ կապված խնդիրը՝ Լա Մանշում խեղդված միգրանտների մասին բազմաթիվ տեղեկությունների ֆոնին։ Նոյեմբերի 24-ին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Պա դե Կալեի ջրերում։ 31 մարդ մահացել է, երկուսը ողջ են մնացել, սակայն նրանց կյանքին այժմ վտանգ է սպառնում։

Միևնույն ժամանակ, ֆրանսիական ոստիկանությունը միգրանտների խմբին, որը Մեծ Բրիտանիա գնալու ճանապարհին փորձել է լողալով անցնել Լա Մանշը, թույլ է տվել անարգել լքել Ֆրանսիայի ափերը: Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ֆրանսիական կողմին առաջարկել են Լա Մանշում համատեղ պարեկություն կազմակերպել, սակայն Փարիզից համաձայնություն չի ստացվել, տեղեկացնում է News.am։