ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՌՈՐ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ. ԻՆՉՈ՞Ւ Է ՖԵՅՍԲՈՒՔԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՄՈՆԹԵԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
«Պարզվում է, արդեն ամիսներ է, ինչ Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է Ֆեյսբուքը հեռացնում, մարդկանց արգելափակում, Մոնթեին նվիրված էջերը ջնջում, իսկ ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի դա։ Տեսե՛ք, երբ ինչ-որ մեկը Նիկոլին կամ որևէ պաշտոնյային հայհոյում է, միանգամից ամբողջ ԱԱԾ-ն ոտքի են հանում, գտնում են… Դե... Մոնթեն իրենց պետք էր նիկոլների ռեյթինգի համար։ Մոնթեն իրենց համար այլևս ակտուալ չէ, Հայաստանի ու Հայաստանի հերոսների հետ էլ որևէ հոգևոր կապ իրենք չեն զգում։ Եվ ըստ այդմ՝ ինչո՞ւ պետք է տեղներից ժաժ գան... Ասենք, թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգն ինչո՞ւ պիտի ՖԲ-ում ՀՀ ազգային հերոսների անունը պաշտպանի։ Ինչքան շուտ հայերը մոռանան, որ երբևէ հերոսներ են ունեցել, պետություն են ունեցել, այդքան ավելի կհեշտանա ադրբեջանցիների և նրանց կամակատարների գործը»։
Սա Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումն է իր ֆեյսբուքյան էջում։ Հաջորդած մեկնաբանություններից պարզ դարձավ, որ այդ պրակտիկան կիրառվում է զանգվածային կարգով, բողոքները ոչ մի բանի չեն հանգեցնում, բայց Հայաստանում ոչ մի կառույցի՝ ո՛չ ԱԱԾ-ին, ո՛չ էլ տխրահռչակ «ՊՈԱԿ»-ին (վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն») դա բացարձակապես չի հուզում։ Բազմաթիվ օգտատերեր համոզմունք են հայտնել, որ Մոնթեի դեմ ակցիան հայկական իշխանությունների կողմից իրականացվում է ադրբեջանցիների հետ համատեղ և նպատակաուղղված բնույթ կրում: «Եթե այսպես շարունակվի, շուտով մեզ կարգելեն մեր անունը հայատառ գրել, քանի որ հայոց այբուբենը իրենց համար «վտանգավոր գաղափարախոսություն» է»,– ամփոփել է Կարեն Վրթանեսյանը:
Վերապահում անեմ. խոսքը տվյալ դեպքում ազգային հերոսների և լեգենդար անունների վարկաբեկմանն ուղղված պլանաչափ արշավի մասին չէ, դա առանձին թեմա է, որը շարունակում է առավել քան արդիական մնալ: Խոսքն այն սարսափելի վիճակի մասին է, որ տիրում է Հայաստանի ներքին տեղեկատվական դաշտում և առհասարակ երկրի տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Այն ակնհայտ քաոսի և բարդակի, որը բոլոր այս երեքուկես տարիներին ստեղծվել, ընդլայնվել ու հղկվել է միտումնավոր, հետևողականորեն և հեռուն գնացող նպատակներով:
Այս համատեքստում Մոնթեի դեմ ուղղված արշավը հայ հասարակության ուղեղների լվացման գործընթացի, ազգի բացարձակ գաղափարազրկման և, վերջնական արդյունքում՝ հոգևոր ու մտավոր հետադիմության հերթական փուլն է։ Մի գործընթացի, որում մեր դեմ օգտագործվում են նաև հանրային գիտակցության մանիպուլացման ամենաժամանակակից տեխնոլոգիաները. սկսած ամենապարզունակներից, օրինակ՝ ամենաբարձր ամբիոններից պաթոսով հնչեցվող ստերից, մինչև շռայլորեն ֆինանսավորվող մեդիառեսուրսների և սոցցանցային կեղծ էջերի մի ամբողջ կայսրության ստեղծում, որը վարում է ժողովրդին բառացիորեն հիմարացնող քարոզչություն։
Օրերս Yerevan Today կայքը մեջբերումներ ներկայացրեց Սոչիի հանդիպման վերաբերյալ տարատեսակ իշխանամետ ԶԼՄ-ների և youtube-ալիքների հաղորդագրություններից։ Զանգվածային և իր ողորմելիությամբ ցնցող քարոզչությունն ուղղված է նրան, որ համոզի մարդկանց «բոլոր թշնամիներին աջուձախ ջախջախող» Փաշինյանի անպարտելիության մեջ ։ Ծրագրի մեխը, բնականաբար, Նիկոլի «ահեղ» հայացքն էր, որն, անկասկած, բեմադրվել էր նախապես և հենց այդ նպատակով։ Ահա այդ հաղորդագրությունների վերնագրերից մի քանիսը:
«Պուտինը զարմացած լսում էր Փաշինյանին. հայերը շուտով ամեն ինչ կզգան», «Պուտինի կատաղի գրոհը դեպի Ադրբեջան։ Ալիևը հայտնվեց ծուղակում»։ «ՇՏԱՊ։ Փաշինյանը արեց դա. իրավիճակը Թուրքիայում պայթյունավտանգ է»։ «Ոչինչ կորած ՉԷ՛։ Պուտինն ու ալիևը Փաշինյանի մոտ ԵՐԵԽԱ են. շատ շուտով բոլորը դրանում կհամոզվեն»: «Ստորագրվեց 1000 ազերու մահը Սյունիքում. Պուտինը կատաղած հրաման տվեց զորքին», «Էրդողանը կորցրեց Արարատը. Հայաստանը հուպ տվեց մինչև վերջ», «Ստորագրված փաստաթուղթը ազգի սրտով էր. գերիները շտապ ազատ կարձակվեն»:
Ասենք, բնավ պարտադիր չէ ընթերցել այդ պարբերականները՝ հասկանալու համար, թե տեղեկատվական ինչ քաոս է տիրում Հայաստանում նույնիսկ ամենակարևոր ու ցավոտ հարցերի առնչությամբ, ընդ որում՝ դա ստեղծվում է միտումնավոր և համակարգվում վերևից։ Հիշենք, թե ինչպես էին նոյեմբերի 16-ին լրատվական դաշտում տեղեկություններ տարածում զոհված հայ զինծառայողների մասին։ Սկզբում Փաշինյանների ընտանեկան թերթը նշեց 10 թիվը, այնուհետ ՔՊ-ի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, թե 15 մարդ է սպանվել, իսկ մի քանի օր անց ՊՆ-ն հաղորդեց 6 զոհի մասին:
Ոչ պակաս սարսափելի և վտանգավոր իրավիճակ է տիրում արտաքին տեղեկատվական-քարոզչական ճակատում, որտեղ Հայաստանի ձայնը լսելի չէ ո՛չ ԶԼՄ-ներում, ո՛չ սոցցանցերում, ո՛չ էլ որևէ այլ մեդիա տարածքում։ Եթե անգամ ինչ-որ բան արվում է, ապա լոկ անհատների կամ սփյուռքի կազմակերպությունների ջանքերով։ Մենք վերադարձել ենք 2009 թվականից առաջ տիրող իրավիճակին, երբ լրատվական ամբողջ դաշտը հանձնված էր «դեյ.ազ»-երի տիրապետությանը, իսկ դրանց դեմ կռիվ էին տալիս լոկ հատուկենտ էնտուզիաստներ։ Եվ սա այն դեպքում, երբ 2010-ից ի վեր հայկական կողմը պետական մակարդակով տարվող աշխատանքի շնորհիվ սկսեց հետզհետե հետ նվաճել իր դիրքերն ու փակել ահռելի ճեղքերը, իսկ այնուհետ սկսեց վերահսկել այդ ճակատը՝ ապահովելով երկրի տեղեկատվական անվտանգությունը։
... Երկու շաբաթ առաջ իշխող ուժի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, հետևելով իր թիմի ավանդույթներին, հայտարարեց. «Ադրբեջանական ապատեղեկատվությունն ուղեկցվում է հայկական ԶԼՄ-ների ապատեղեկատվությամբ։ Այն հիմնականում պատվիրվում է որոշակի քաղաքական խմբերի կողմից»։ Ի դեպ, ՔՊ խմբակցության քարտուղարը նախկին լրագրող է, որն այսօր հայտնի է որպես խոսքի և լրատվամիջոցների ազատության դեմ ուղղված դրակոնյան օրինագծերի նախաձեռնող։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ «հեղափոխությունից» անմիջապես հետո Հովհաննիսյանը ստացավ տնօրենի տեղակալի բարձր պաշտոնը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» (նույն այն «ՊՈԱԿ»-ում)։ Այն կառույցում, որն ավելի վաղ (ստեղծվել է 2009-ին) կարճ ժամանակահատվածում դարձել էր բարձր որակավորում ունեցող փորձագիտական ինստիտուտ, հաջողությամբ աշխատելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեղեկատվական դաշտում։
Կենտրոնի գործունեության մասին, մասնավորապես՝ հակահայկական քարոզչությանը հակազդելու համատեքստում, նախքան 2018 թվականը գրեթե լեգենդներ էին շրջում։ Նիկոլական թիմի կողմից իշխանության զավթումից շատ չանցած «ՊՈԱԿ»-ի մասին կրկին սկսեցին խոսել ամենուր, բայց արդեն անվանելով դա «ֆեյքերի ֆաբրիկա»։ Եվ հենց Հովհաննիսյանն է՝ որպես դրա ղեկավարներից մեկը, կանգնած արդյունավետ աշխատող պետական ինստիտուտի խայտառակ փլուզման ակունքներում։
Բացի ամենից՝ նաև հենց այդ միտումնավոր գործընթացի արդյունքն է այսօրվա կառավարելի քաոսը երկրի ներքին տեղեկատվական դաշտում, ինչպես նաև որևէ աշխատանքի բացակայությունն արտաքին հարթակներում։ Արդյունքը պետության տեղեկատվական քաղաքականության, հայեցակարգի և այդ դաշտում աշխատելու կոչված կառույցների իսպառ բացակայությունն է։ Իրավիճակն այն աստիճան արտառոց է, որ թշնամական հատու քաղաքականությանը Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին եզրակացությունն ի հայտ է գալիս ինքնաբերաբար։
Թեև սա հենց այն դեպքն է, երբ անգործությունը հավասարազոր է հանցավոր գործողությունների։ Ուստի ցանկություն է առաջանում երկու հարց տալ ընդդիմադիր լրատվամիջոցներին պատվիրված ապատեղեկատվության և ադրբեջանական քարոզչությանը աջակցելու մեջ մեղադրող պրն Հովհաննիսյանին. եթե դա այդպես է, ապա ո՞ւր է պետությունը՝ իր հնարավորություններով, կառույցներով ու լծակներով, ինչո՞ւ է տեղեկատվական դաշտը հանձնված միշտ և ամեն ինչում մեղավոր ընդդիմությանն ու ԶԼՄ-ներին։ Եվ երկրորդը. ո՞վ է մեղավոր, որ Բաքվի քարոզչամեքենան այսչափ ազատ է զգում իրեն Հայաստանում՝ հմտորեն տարածելով իրեն անհրաժեշտ ապատեղեկատվությունն ու շրջանառելով իրեն ձեռնտու թեմաները, և ո՞վ է պարտավոր կասեցնել դա։