Արցախում նոյեմբերին ծնունդների աճ է գրանցվել

Արցախի Հանրապետությունում նոյեմբերին 178 ծնունդ է գրանցվել. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ այս թիվը նախորդ ամիսների համեմատ ռեկորդային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։ Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Արցախի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։ Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին, իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,-նշել է Արայիկ Հարությունյանը: