ANCA․ Շնորհակալություն Ջորջ Քլունիին Turkish Airlines-ի գովազդում նկարահանումներից հրաժարվելու համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին թուրքական ավիաընկերության գովազդում նկարահանվելուց հրաժարվելու համար։

«Շնորհակալություն Ջորջ Քլունիին Turkish Airlines-ի գովազդում 35 մլն դոլար արժողությամբ նկարահանումներից հրաժարվելու համար։ Թուրքական ավիաընկերությունները, որոնց բաժնետոմսերի 49 տոկոսը անմիջականորեն պատկանում է Թուրքիային, Էրդողանի ռեժիմին, ներգրավված են մարդկանց թրաֆիքինգի և ծայրահեղական, ջիհադիստ վարձկանների անդրսահմանային փոխադրման մեջ», - ասվում է ANCA-ում:

Նշենք, որ օրերս Ջորջ Քլունին The Guardian-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ հրաժարվել է 35 միլիոն դոլարի պայմանագրից՝ գովազդում նկարահանվելու համար։ Տեսահոլովակի նկարահանումը պետք է տևեր ընդամենը մեկ օր։

Դերասանի խոսքով՝ առաջարկը քննարկել է կնոջ հետ, ով, լինելով իրավաբան, շատ պատասխանատվությամբ է վերաբերվում մարդու իրավունքների խնդրին։ Ամալ Քլունին դերասանին բացատրել է, որ գովազդը պատվիրած ավիաընկերությունը կապված է «մի երկրի հետ, որը թեև դաշնակից է, բայց երբեմն կասկածելի բաների աղբյուր է»։

«Այդ պատճառով ես մտածեցի, որ եթե դա ինձանից քնի անգամ մի պահ խլի, միևնույն է դա չարժե», – ասել է դերասանը:

Միաժամանակ արտիստը չի հստակեցրել, թե որ երկրի ու ավիաընկերության մասին է խոսքը։

Քլունիի խոտովանությունից հետո լրատվամիջոցները սկսեցին ենթադրել, որ խոսքը, ըստ ամենայնի, թուրքական ավիաուղիների մասին էր, տեղեկացնում է Panorama.am։

Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին Հայաստան էր ժամանել 2016 թվականի ապրիլի 24-ին ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը ։