«Ժամանակ ենք տալիս, որ մանդատները վայր դնեն»․ ԱԺ-ի դիմաց ակցիան ավարտվեց

Ազգային ժողովի դիմաց ավարտվեց բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։

Այսօր ցերեկը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրասենյակում և միջանցքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Համաձայն «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (նշվում են Հրաչյա Հակոբյանի, Արմեն Խաչատրյանի, Վահագն Ալեքսանյանի, Սիսակ Գաբրիելյանի անունները) ծեծել են «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին և Տարոն Ղազարյանին։

Սկզբում ցուցարարները պահանջում էին ՔՊ–ականների հետ հանդիպում, բայց քանի որ նրանք այդպես էլ չհայտնվեցին, սկսեցին պահանջել նրանց հրաժարականը։

«Ողջամիտ ժամանակ ենք տալիս, որ մանդատները վայր դնեն։ Թող Նոր տարին էլ անցնի, դա իրենց նվեր՝ Նոր տարուն էլ պատգամավոր լինեն, բայց հետո հրաժարական տան։ Ազգային ժողովի պատգամավորը` ազգընտրյալը, իրավունք չունի իրեն խուլիգանի պես պահել», - ասաց ցուցարարներից մեկը։

Նա տեղեկացրեց, որ վաղը «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԱԺ նիստին ավելի կոնկրետ պահանջներ կներկայացնեն ծեծկռտուք կազմակերպած պատգամավորներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։