ՄԻՊ-ը Փարիզում խոսել է պատերազմից հետո շարունակվող՝ Բաքվի ցեղասպան քաղաքականությունից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

Նա զեկուցումով հանդես է եկել Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզի Պալե–Ռոյալ թատրոնի շենքում։

«Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին։ Նշել եմ նաև, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»,– նշել է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:

Նա ընդգծել է, որ հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի հայկական սփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պատոնյաներ։