Պաշտպան․ Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Տոնոյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությանը, թե Ստեփան Գալստյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել:

«Ես հանդիպել եմ պարոն Գալստյանի հետ և լիազորված եմ նրա անունից հայտարարելու, որ «ժողովուրդ» օրաթերթում տպագրված նյութը չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը և բացարձակ սուտ է: Նախաքննության ընթացքում Ստեփան Գալստյանն առ այսօր որևէ ցուցմունք չի տվել:

Հայտնում եմ նաև, որ դեռևս 30-ը նոյեմբերի 2021 թվականին ես ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող հիշյալ գործով Ստեփան Գալստյանին բժշկական օգնության և անհրաժեշտ վիրահատական միջամտություններ իրականացնելու նպատակով ներկայացրել եմ միջնորդություն, որը նույն օրը բավարարվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից:

Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համապատասխան նեղ մասնագիտական բժշկական հաստատությունում Գալստյանի բուժումն իրականացնելու նպատակով»– ասաց պաշտպանը։