Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը
Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի (Ռուսաստան), Վահե Գևորգյանի (Հայաստան), Խալաֆ Խալաֆովի (Ադրբեջան), Սեդաթ Օնալի (Թուրքիա), ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հագիգիանի համանախագահությամբ։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանց թվում են՝ վստահության բարձրացում, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային ծրագրերը։
Հինգ երկրների ներկայացուցիչները նշել են, որ կցանկանային, որպեսզի Վրաստանը միանար հարթակի աշխատանքին, որի համար «դուռը» բաց է մնում, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել տվյալ ձևաչափին։